Բարձրագույն դատական խորհուրդը բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Բարձրագույն դատական խորհուրդը բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը: Եվ մենք բացարձակապես որևէ դատական գործով որևէ ձևով կոմունիկացիայի մեջ չենք մտնում: Ես վստահ եմ, որ նման վերաբերմունք է նաև քաղաքական իշխանությունների կողմից: Բայց վերջին հաշվով դատավորները նույնպես մարդիկ են, և նրանք հնարավոր է, որ որոշակի սոցիալական ազդեցությունների դաշտում են »,-ասաց Հարությունյանը:
Նա նկատեց, որ իրականում դատավորի անկախությունը միայն «հեռախոսային անկախությունը» չէ, կան այն բոլոր նախադրյալները, որոնց պարագայում դատավորը կարող է լիարժեք անկախ գործել: Այդ պարագաները բազմաթիվ են: «Հիմա մենք առանձնացրել ենք մոտ 32 առաջնահերթություն, որոնց համակարգային լուծման պարագայում կարող ենք ստեղծել երաշխիքների դաշտ»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով պաշտոնյաների հեռախոսային գաղտնալսման դեպքերին ու ձայնագրության բովանդակությանը՝ Հարությունյանն ասաց, որ ցանկացած միջամտություն մտահոգություն է, սակայն այդ միջամտության բնույթը՝ բովանդակությունը պետք է բացահայտվի: «Առաջին քայլը, որ մենք արեցինք, փորձեցինք զրուցել դատավորի հետ: Դատավորն էլ գրավոր հայտարարություն արեց, որ ինքը որևէ կոմունիկացիայի մեջ չի մտել: ԲԴԽ-ն օրենքով սահմանված կարգով միայն դատավորի դիմումի առկայության պարագայում կարող է որոշակի քայլեր անել»,-նշեց նա։
2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:Ավելի ուշ գաղտնալսել էին նաև Նիկոլ Փաշինյանին ու Արթուր Վանեցյանին: