«Նոր իշխանությունների կողմից առաջարկվող փաթեթի համաձայն՝ հարկային քաղաքականությունը եկամտի հարկումից տեղափոխվեց դեպի սպառում, այսինքն՝ անկախ նրանից, թե մարդու եկամուտը որքան է, պետք է վճարեն ավելի շատ հարկեր: Այսինքն, այս տրամաբանությամբ՝ հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն էլ ավելի կաղքատանան, քանի որ եկամտահարկի դրույքաչափերը նվազել են՝ 28%-ից հասնելով 23%-ի, իսկ աղքատներինը նույնն է մնացել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով հարկային դաշտում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններին: Տնտեսագետը հավելում է՝ սա անարդար ռեպրեսիվ հարկային քաղաքականություն է և եկել է նախորդ կառավարությունից, ինչն էլ շարունակում է ներկայիս կառավարությունը:

Մեր զրուցակցի խոսքով՝ 2018թ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 21.3%, իսկ 2019թ համար նախատեսվել է 21.7%. «Հարաբերականորեն, 2019թ. ավելի քիչ հարկեր են գանձվելու, հետևաբար, ստվերն ավելի բարձր է լինելու 2019-ին, քան եղել է 2018-ին: Մենք պետք է հստակ հասկանանք մեր տնտեսության ստվերային հատվածը և փորձենք շահութաբեր ստվերային հատվածներից բերել հարկերը, ոչ թե կենտրոնանանք փոքր կամ գերփոքր բիզնեսի վրա»:

Այն դիտարկմանը, թե որքանով է խելամիտ ղեկավարվում ՀՀ-ի տնտեսական ճյուղը, տնտեսագետ Սուրեն Պարսյանը մանրամասնեց, որ ներկայիս կառավարությունը, չունենալով տնտեսական ծրագիր, իրականացնում է առանձին ուղղություններով բարեփոխումներ կամ ծրագրեր. «Սա սխալ մոտեցում է և սրա հետևանքով մենք ունենալու ենք շեղումներ տնտեսության  առանձին ուղղություններով: Մենք նախ պետք է հստակեցնենք մեր տնտեսական մոդելը և դրան ուղղված մեխանիզմներ մշակենք: Մենք չունենք նպատակ»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ