Վրաստանի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմամբ հայ-վրացական տնտեսական հարաբերություններում հետընթաց չի գրանցվի, Tert.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

 

«Պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանն ու Վրաստանը առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներ են, ինչն ինքին շատ նպաստավոր միջավայր է ստեղծում հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Դրանից բացի, Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր, որը գրեթե 10 տարի է գործում է»,-ասաց նա:

 

Տնտեսագետը նշեց, որ երկու պետությունների շահերն էլ ենթադրում են, որ տնտեսական հարաբերությունները պետք է ընթանան ազատականացման, առևտրային համագործակցության ճանապարհով: Մեր այն դիտարկմանը, թե այդպես կշարունակվի՞ անգամ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց.

 

«Մինչ անդամակցությունը Հայաստանը երկար ճանապարհ պետք է անցնի, բայց անգամ դրանից հետո էլ մեծ խնդիրներ չեմ տեսնում, քանի որ Վրաստանը քայլեր է անում Ռուսաստանի հետ տնտեսական ու քաղաքական կապերը լավացնելու ուղղությամբ: Նոր ղեկավարությունը հույս է ներշնչում, որ հայ-վրացական հարաբերությունները շատ ավելի դինամիկ կզարգանան»,-ասաց նա:

 

Վրաստանում իշխանությունը չի փոխվում, այն ժառանգվում է: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այսօրվա հայտարարությանը:

 

«Մենք հույս ունենք, որ 2014թ. աշնանը կարող ենք ստորագրել համաձայնագիրը»,- ասել էր Մարգվելաշվիլին և հավելել, որ որ նախաստորագրմանը կհաջորդի դժվարին աշխատանք:

 

«Կարծում եմ, որ որևէ մեկը կասկած չունի, որ նախաստորագրումը տեղի կունենա: Ինչպես Սաակաշվիլիի օրոք, նույնն էլ այսօր, Վրաստանը, իրականում ֆիզիկապես լինելով մեր տարածաշրջանում, արդեն երկար տարիներ մեր տարածաշրջանից դուրս է: Նրանք վարում են ընդգծված արևմտամետ քաղաքականություն: Ուրիշ բան չէր էլ սպասվում»,-ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

 

Ինչ վերաբերում է նրան, որ Գեորգի Մարգվելաշվիլին պրոռուսական ուղղվածություն ունեցող կուսակցության՝ «Վրացական երազանքի» թեկնածուն էր, Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, որ նորընտիր նախագահը երբեք ռուսամետ չի եղել:

 

«Դրանք հայտարարություններ էին, որ ինքն արել է նախընտրական շրջանում, դա արվում էր ժողովրդի համար, քանի որ ժողովրդի մեջ պրոռուսական մտածողությունը շատ է, բայց ոչ իշխանության շրջանակներում: Նա իր երդմնակալության արարողությանը Ռուսաստանից որևէ մեկի չի հրավիրել: Սա արդեն խոսում է նրա մասին, որ ինքը ռուսամետ չէ»,-ասաց քաղաքագետը: