Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի մեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը, հանրապետության պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այդ մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեն:

 

«Վրաստանի կողմից համաձայնագիրը կստորագրի Իրակլի Ղարիբաշվիլին, նրա գլխավորած պատվիրակության կազմում կլինի չորս նախարար»,-ասել Է Փանջիկիձեն:

 

«Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրն ստորագրվելու Է հունիսի 27-ին Բրյուսելում, որտեղ կհավաքվեն ԵՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:

 

Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում արծարծվում Էր այն թեման, թե ում պետք Է վստահվի Վրաստանի անունից համաձայնագրի ստորագրման իրավունքը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարում Էր, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը պետք Է ստորագրի ինքը՝ որպես պետության ղեկավար, բայց ընդգծում Էր, որ մտադիր չԷ «վիճարկել» հայտարարված որոշումն այն մասին, որ փաստաթղթի տակ իր ստորագրությունը կդնի վարչապետը:

 

Մարգվելաշվիլին հայտարարում Էր, թե չգիտի՝ ինքն արդյոք լինելու Է այն պատվիրակության կազմում, որը հունիսի վերջին մեկնելու Է Բրյուսել՝ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը: «Որոշումն ընդունվելու Է ոչ թե ելնելով իմ ցանկությունից, այլ անհրաժեշտությունից»,-լրագրողներին ասել Է Մարգվելաշվիլին:

 

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին օրերս կայացած ճեպազրույցներից մեկի ժամանակ կոչ Է արել լրագրողներին՝ դրամայի չվերածել թեման եւ ընդգծել Է, թե «մեր կողմից արձանագրված տարբեր դիրքորոշումները նշանակում են, որ երկրում կա իրական ժողովրդավարություն»:

 

Թե Վրաստանի վարչապետը, թե նախագահը ներկայացնում են նույն քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք» կոալիցիան, որը հանրապետությունում իշխանության գլուխ Է եկել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: