Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգեւատրումների հարցն է. պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգեւատրումների մասին:
 
Ինչպես երևում է՝ Փաշինյանն ու թիմը ստիպված էին գնալ հանրային պահանջին ընդառաջ և վերջին աղմկահարույց պատմությունների քավության նոխազ գտնել այն պարզ պատճառով, որ բազմաթիվ լայվերը և հավաստիացումները՝ թե նման քայլերն ուղղված են պետական ապարատում կոռուպցիան կանխելուն, չտվեցին սպասված արդյունքը: Հասարակությունը սպասում է, հետևաբար, Փաշինյանն էլ պետք է շտապի: Եվ ահա կարծես թե գլխավոր մեղավորը գտնվել է. դա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն է:
 
Ի դեպ, վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ Փաշինյանը դժգոհ է Անանյանի աշխատանքից և առիթ է փնտրում վերջինիցս ազատվելու համար: Ճակատագրի հեգնանքով՝ առիթը Փաշինյանին տվեց Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող կայքի հրապարակումը: Եթե այս ամենը հերթական շոուն չէ, որի նպատակը հասարակության «աչքերին թոզ փչելն է», և եթե նպատակը Դավիթ Անանյանից ազատվելը չէ, ապա տրամաբանական կլիներ բացատրություններ պահանջել նաև մարզպետներից, ֆինանսների և սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններից, քաղաքապետարանից: