ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ժողովուրդներին հարկավոր է պատրաստել խաղաղության, սակայն օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը շարունակում է հզորացնել բանակը, քանի որ գտնվում է պատերազմական իրավիճակում, Զախարովան ասել է, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ ռուսական կողմին:
«Մենք մեր միջնորդական գործառույթը կատարում ենք բարեխղճորեն և, ինձ թվում է, որակով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով կայացած շփումները, մենք լսել ենք երկու երկրներում դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականները և կարծում ենք, որ դա առաջ գնալու ճիշտ ուղի է»,- ասել է նա: