«Փաստ» թերթը գրում է.
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ շատերը կատակում էին, թե կարոտելու են Գալուստ Սահակյանին, որը իր հայտնի ձեւակերպումներով ուրույն տեղ էր զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում: Ինչ իմանային կատակողներն ու Գալուստ Սահակյանը, որ սուրբ տեղը ոչ միայն դատարկ չի մնա, այլեւ նոր իշխանության առանձին ներկայացուցիչներ նոր լիցք կհաղորդեն պարոն Սահակյանի թողած «ժառանգությանը»:
Ճիշտ է՝ նորերը դեռեւս չունեն այն խարիզման, որով ինքն իրեն օժտել էր Սահակյանը, բայց փոխարենը ունեն մի շարք դեմքեր, որոնք համառորեն փորձում են լրացնել Մաեստրոյի տեղը: Վերջին շրջանում Մաեստրո Սահակյանի մտքի գոհարները, սակայն, ընկալվում էին ոչ միայն պարզապես լեզվի սայթաքում, այլ միտումնավոր լղոզված ու հումորային պատասխաններ, որոնցով նա կամ խուսանավում էր լրագրողներից, կամ փորձում էր այս կամ այն աղմկոտ թեմայի շուրջ հայտնել իշխանական տեսակետը, պարզապես այլ երանգներով, անուղղակի կերպով:
Նորերն, այս իմաստով, դեռեւս չեն կատարելագործել իրենց տեխնիկան: Նրանց՝ քննարկվող ձեւակերպումներն առավելապես դեռ լեզվի սայթաքման մակարդակում են, հաճախ նույնիսկ միջպետական սկանդալի պոտենցիալ ունեցող սայթաքման: Եվ եթե Գալուստ Սահակյանի դեպքում գործ ունեինք իշխանությունների անուղղակի խոսնակի հետ, ապա նոր իշխանության դեպքում անհայտ է, թե արդյո՞ք լեզվի սայթաքման շքերթի մասնակիցները փոխանցում են իշխանության տեսակետը, պարզապես այլ, ոչ ռացիոնալ լեզվով, թե դա անում են առանց միտումի, բնական հոգեվիճակից ելնելով: Այս պարագայում տեղին է հիշել ժողովրդական հայտնի խորհուրդը՝ եթե խոսել չես կարողանում, գոնե սովորիր լռել: Ավելի լավ տարբերակ մարդկությունը դեռ չի հնարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում