«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի կողմից դատի տրված անհատ ձեռներեցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ երկար տարիներ աշխատել են «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի հետ՝ որպես վերջինիս ապրանքների սպառողներ և այդ ընթացքում որևէ խնդիր երբևէ չեն ունեցել, աշխատել են կանխիկ գումարով՝ առանց բանկային փոխանցումների:
Սակայն ձեռներեցները պնդում են, որ «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ սնանկացումից հետո ՓԲԸ-ի սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատական հայց է ներկայացրել իրենց դեմ՝ պահանջելով գումարի բռնագանձում: ԱՁ-ների խոսքով՝ ուշագրավն այն է, որ տարիներ շարունակ նրանք գումարը կանխիկ են վճարել, իսկ ստորագրությունները կատարել են էլեկտրոնային եղանակով, իսկ տնօրենը երբեք չէր համակերպվում գումարների ուշացման հետ, այդ իսկ պատճառով՝ առանց պարտքի են գործարքներն արել:
Ցուցարարների հետ զրուցելու եկավ կառավարության նամակների բաժնի աշխատակիցը, որի համար ակնհայտորեն զարմանալի էր, թե ինչպե՞ս կարող էին ԱՁ-ները գնալ նման ռիսկի և աշխատել կանխիկ վճարային համակարգով. «Շատ տարօրինակ բան եք ասում. այդ փողը որ տալիս եք, դիմացը ոչինչ չե՞ք պահանջում, չես կարող վստահել: Եթե ինձ ՀԴՄ կտրոն չտան, մեծ խնդիր չի լինի, բայց որ կանխիկ նման վճարումներ կատարեմ, ինչպե՞ս կարող եմ կտրոն չպահանջել: Կառավորությունը դատարան չէ, որ ճիշտ ու սխալ որոշի, դատ է գնում՝ այդպես կպարզվի իրականությունը, մենք շատ բան չենք կարող անել»,- վրդովվեց կառավարության աշխատակիցը:
Սրան ի պատասխան՝ ցուցարարները բղավեցին, որ եթե կառավարությունը մի քանի հազար քաղաքացու հարց չի կարողանում լուծել, ապա ինչպե՞ս է լինելու:
Ուշադիր լսելով ԱՁ-ների բողոքները, կառավարության աշխատակիցը կրկին բորբոքվեց. «Ձեր փնթի հաշվապահության հետևանքով եք այսօր այս հարցի առաջ կանգնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ