Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման աշխատանքներ կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով նշեց, որ ծրագրով նախատեսված է, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցները սեյսմակայուն են լինելու առնվազն ինը բալ երկրաշարժի դեպքում և այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն։
«Նախատեսվում է ամբողջովին քանդել երկու դպրոցների՝ Երևանի Լևոն դալիշյանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը և թիվ 116 հիմնական դպրոցները, և միայն ճակատային մասը պահպանելով, մասնակի քանդել 4 դպրոցի շինությունները՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմանկան, Կարապենցի անվան թիվ վեց հիմնական, Հերացու ավագ դպրոցը և Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրը»,-նշեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցի համատեքստում պետք է ներառել նաև դոնոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքը, ԵՄ հետ համագործակցության ճանապարհային քարտեզում ևս փորձել ներառել այս ծրագրերը։
«Որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ լուրջ լինի, «պետական շինարարություն» մտածողությունը պետք է վերացնել»,-նշեց վարչապետը։
Որոշմումը միաձայն ընդունվեց կառավարության կողմից։