Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգ կատարած այցը: Պատվիրակության անդամները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ մեկնել էին մասնակցելու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:
«Ձմեռային նստաշրջանի շրջանակներում Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումների քննարկումն էր: Զեկուցող Ալեքսանդր Պոչեյը, որը նաև դիտորդական առաքելության ղեկավարն էր, իր ելույթում շատ բարձր գնահատեց Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների որակը, նշելով, որ նախկինում սիստեմատիկ բնույթ կրող ընտրախախտումներն այս անգամ առկա չէին, ընտրությունները մրցակցային էին ու ազատ, առանձնապես կարևորվեց այն փաստը, որ Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճ տեղի ունեցավ մասնակից ուժերի ցուցակների առաջին համարների միջև: Ելույթ ունեցան ԵԽԽՎ-ում ընդգրկված տարբեր քաղաքական խմբերի ղեկավարներ, անկախ պատգամավորներ, որոնք մեզ շնորհավորում էին այս ահռելի առաջընթացի համար»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Պատվիրակության ղեկավարը նշեց նաև, որ հանդիպում են ունեցել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկյեի, ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի, մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք նույնպես շնորհավորել են Հայաստանին, նշելով, որ մեր երկրի օրինակը պետք է վարակիչ լինի նաև այլ երկրների համար:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից նստաշրջանին մասնակցել են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»), Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»), Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):