Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կարող է ժողովրդավարության կոչեր լսողից վերածվել դրանք հնչեցնողի: Այս մասին փետրվարի 6-ին Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում լրագրողներին հայտնեց պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Տարիներ շարունակ ընկալում է եղել, որ ԵԽԽՎ-ն մեզ համար ադրբեջանցիների հակահայկական նախաձեռնությունները կանխելու և Հայաստանում ոչ այնքան ժողովրդավարական գործընթացները լղոզելու վայր է: Այժմ ամեն ինչ փոխվել է, և ԵԽԽՎ-ն շատ ավելի լայն օրակարգ ունի։ Բնականաբար, մենք պետք է մշտապես զգոն լինենք հակահայկական նախաձեռնությունները կանխելու համար, բայց նաև պետք է ակտիվ լինենք տարբեր ուղղություններով: Եթե նախկինում ԵԽԽՎ-ն մեզ համար եղել է մի վայր, որտեղ մեզ սովորեցնում էին, թե ինչ է ժողովրդավարությունը, այժմ այն կարող է լինել հարթակ, որտեղ մենք ենք սովորեցնում, թե ինչ է ժողովրդավարությունը ու ժողովրդավարության կոչեր անել»,- ասաց Ռուբինյանը:
Պատվիրակության ղեկավարը հերքեց նաև այն լուրերը, թե իրենք չեն հակադարձել ադրբեջանական պատվիրակության կողմից Հայաստանի նախկին իշխանությանն ուղղված բացասական հայտարարություններին:
«Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր նախկին իշխանություններին ներքաղաքական համատեքստում, Ստրասբուրգում սահմանները ջնջվում են, չկա նախկին և ներկա իշխանություն, կա Հայաստան: Մեր պատվիրակությունը պարոն Մարուքյանի ու Մելքումյանի շուրթերով արձագանքել է՝ ադրբեջանցիներին հորդորելով զբաղվել իրենց գործերով»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից նստաշրջանին մասնակցել են նաև Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»), Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»), Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):