Եթե ուզում ենք հասնել խաղաղության՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում: Եթե ցանկանում ենք խաղաղություն ձեռք բերել՝ Արցախի բնակչության ձայնը պետք է լսելի լինի՝ Արցախի իշխանության ներկայացվածությամբ: Թե՛ վարչապետը, թե՛ ԱԳ նախարարն իրենց հայտարարություններում այս մասին բարձրաձայնում են: Բնականաբար, Բաքուն փորձելու է ամեն ինչ անել՝ դա կանխելու համար, բայց արդեն խնդիրն այն է, թե որքա՞ն ենք մենք մեր մոտեցում հասկանալի դարձնում մեր միջազգային գործընկերներին»,- ասաց ադրբեջանագետը և հավելեց, որ այս պահի գլխավոր առաջընթացը, որ ունի հայկական կողմը, սահմանում զոհերի թվի կտրուկ անկումն է:
Անդրադառանալով Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերին՝ ադրբեջանագետը նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունների ոչ մի այլընտրանք չի բխում ՀՀ շահերից։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ որքանո՞վ է իրատեսական կանխատեսումները, որ պատերազմի կվերսկվի՝ ադրբեջանագետը պատասխանեց․ «Իրականում այնպես չէ, որ պատերազմի վտանգը վերացել է։ Որքան էլ Ադրբեջանը անկանխատեսելի լինի, ինչ-որ չափով կանխատեսելի է և դրանք կապված են թե՛ արտաքին քաղաքական գործոններից և թե՛ նաև ուժերի բալանսից։ Հստակ խնդիր է դրված վերականգնել ուժերի խախտած բալանսը և տեսնում ենք՝ թե՛ ռազմական առումով և թե՛ սպայակազմերին հատկացվող սոցիալական փաթեթներով հսկայական ուշադրություն է դարձվում զինված ուժերին։ Եվ դա պատահական չէ։ Ըստ էության, այս ժամանակահատվածն օգտագործվում է, որովհետև պատերազմը բացառելու համար պետք է հնարավորինս պատրաստ լինել այդ պատերազմին որքան էլ՝ հակասական է հնչում»։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ