Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղկացրեց, որ ստացվել է ԿԸՀ-ի ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:

Ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը տրվել է թիվ 4 ընտրական տարածքում առաջադրված թեկնածու Վարդան Աթաբեկյանին:

Նա ըստ սահմանված կարգի երդվեց, որից հետո ԱԺ-ն անցավ կառավարության ծրագրի քննարկմանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում պատգամավորական տեղը թափուր էր մնացել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո: