Հայաստանի նոր իշխանությունները կառավարման առաջին օրերից հայտարարել են, որ երկիրը հայամետ քաղաքականություն է վարելու արտաքին դաշտում։ Բայց երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին վեճերը մինչև հիմա չեն դադարում։ Չէ՞ որ չի հաջողվել հասնել գործընկերների վստահությանը, ամենից շատ դա արտացոլվում է հայ–ռուսական հարաբերություններում։ Այո՛, թեև արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն երկրի ղեկավարն է, ով և որոշում է այդ քաղաքականության վեկտորը, սակայն պատասխանատվությունը պաշտոնի բերումով միանշանակ կիսում է նաև արտաքին գործերի նախարարը, ով հանդիսանում է այդ քաղաքականության իրականացնողը:
Վերջին շրջանում հաճախ են զուգահեռներ անցկացվում ԱԳՆ նախկին ղեկավար Էդուարդ Նալբանդյանի գործունեության հետ: Իրականում, տարվող արտաքին քաղաքականության բովանդակությամբ Մնացականյանի ԱԳՆ-ն ոչնչով չի տարբերվում Նալբանդյանի ԱԳՆ-ից, իսկ եթե տարբերվում է, ապա միայն ավելի թափթփված աշխատելաոճով: Վերջին շրջանում Մնացականյանի աշխատանքից գոհ են թերևս միայն հարևան Ադրբեջանում, որի ԱԳՆ-ն գրեթե յուրաքանչյուր շաբաթ ողջունում է ՀՀ արտգործնախարարի այս կամ այն քայլն ու հայտարարությունը: Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱԳՆ-ն որդեգրել է հասարակության թիկունքում գաղտագողի գործելու աշխատելաոճը, ինչը բնորոշ չէր անգամ Նալբանդյանի ղեկավարման ժամանակաշրջանին: Լուրջ խնդիրներ, եթե չասենք՝ քաոս է առաջացել դիվանագիտական կորպուսում այն պարզ պատճառով որ նախկին՝ քիչ թե շատ աշխատունակ կադրերին փոխարինելու գործընթացը փակուղի է մտել, քանի որ ԱԳՆ-ում հասկացել են, որ ռուբինյաններով շատ առաջ չես գնա:
Դեսպանների փոփոխման գործընթացը, ըստ էության, միտված է դիվանագիտական կորպուսն առավել կոմպետենտ դիվանագետներով համալրելուն, սակայն ակնհայտ է դառնում, որ նախորդների ավանդույթներից նոր իշխանությունը չի պատրաստվում հրաժարվել, պարզապես այս անգամ խնամի-ծանոթ–բարեկամների հարաբերակցությունը լինելու է զգալիորեն փոքր, և որևէ մեկը չի կարող բացառել, որ բաղձալի պաշտոնները բաժին չեն հասնի հենց քավորներին և սանիկներին...