Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման մոդելը: Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն հարցին, թե խորհրդարանական կառավարման ինստիտուտն է ճի՞շտ, թե՞ նախագահական:
«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա: Ես, լինելով հրապարակային գործիչ, կարիք ունեմ լինելու այսպիսի հարթակներում ու տարբեր կարծիքներ լսելու: Այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք, որպես ժողովրդավարական երկիր»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանն այժմ շատ կարևոր վերահսկողական դեր է իրականացնում:
«Խորհրդարանի կարևոր դերերից մեկն այն է, որ ինքն իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը, որպեսզի կառավարության աշխատանքը լինի ավելի արդյունավետ: Այս երկխոսությունն ինձ շատ դուր է գալիս: Դուր է գալիս, որ նախարարները ժամանակ առ ժամանակ պետք է գան և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների փակ նիստերին ու շատ կոշտ, անցանկալի հարցերի պատասխանեն»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: