Կառավարությունն աշխատում է քաղաքացիների կողմից առաջացրած խնդիրները լուծելու ուղղությամբ. օրինակ ջրանցքներն օգտագործում են որպես աղբանոց: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը միջոցներ է ծախսում այդ աղբը մաքրելու համար:
«Բայց հարց՝ ինչու է աղբը հայտնվել այդտեղ: Որովհետև քաղաքացիներն աղբը լցնում են ջրանցքները: Իսկ ինչո՞ւ աղբահանություն չի կատարվում համայնքներում, որովհետև քաղաքացիներն ընտրությունների ժամանակ գյուղապետ կամ ավագանի ընտրելիս առաջնորդվում են ոչ թե այն տրամաբանությամբ, թե ով այդ հարցերը կլուծի իրենց համար, այլ նրանով, թե ով է ընտրակաշառքը տալիս, ով ում հետ բարեկամ է, ով ինչ ապօրինի ծառայություն խոստացավ, որ կմատուցի ընտրվելու դեպքում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ աղբը ջրանցքի մեջ չլցնելը ևս տնտեսական վարքագծի փոփոխություն է:
«Այսինքն մեզ մոտ տրամաբանությունը հետևյալն է՝ աղբը լցնում ենք ջրանցքները, ջարդուփշուր ենք անում «լևի» գծեր քաշելու համար՝ նաև կաշառքներ տալով ու վերցնելով, հետո ասում ենք՝ ջուր չկա ոռոգման սեզոնի պիկին: Այն գումարը, որ մենք ջրանցքը մաքրելու վրա ենք ծախսում, կարող ենք ծախսել ընթացիկ սպասարկման վրա»,-ընդգծեց Փաշինյանը: