ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում թվային տվյալներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ:

Փետրվարի 22-ին նախարարն Ազգային ժողով է եկել հանձնաժողովի հրավերով:

«Կառավարությունն իր առջև դեռևս մայիս ամսին խնդիր էր դրել լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մինչև համաներում իրականացնելն այդ խնդիրն արդեն չկար: Մենք ՔԿՀ-ներում կարող ենք պահել 5300-ի չափ կալանավոր: Այսօր 2266-ի չափ դատապարտյալ և կալանավոր կա քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 963-ը՝ կալանավոր, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում»,- ասաց Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու նպատակը ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը թոթափելը չի եղել: