Աշխարհը պետք է հասկանա, որ մեր զիջումները մենք արել ենք, թող գնան՝ դիմեն այն կողմին, որը դեռ զիջումներ չի արել: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Այն հարցին, թե ինչ հիմքեր կան, որ վաղը նրանք հանրահավաք են անելու, Զաքարյանը պատասխանեց. «Ադրբեջանը չի փոխվել, 25 տարի է՝ նույնն է, բայց մեզ մոտ փոփոխություն կա, նոր իշխանություն ունենք, և բնականաբար, ճնշում է գործադրվում այն կողմի վրա, որտեղ փոփոխություն է կատարվել: Ադրբեջանցիները հույս ունեն, որ նոր ուժերին կարող են ինչ-որ տեղ համոզել, մանավանդ, մենք տեսնում ենք, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք ներկայացրել են այդ թեզերի պաշտպանության կողմը, և ես անձամբ, վտանգ եմ տեսնում»:
Կինոռեժիսորի խոսքով՝ սխալ է, այն, որ ասում են արցախցին պետք է որոշի:
«Չի կարելի ասել արցախցին պետք է որոշի, ինչի՞, արցախցին հայից տարբերվո՞ւմ է: Այդ հողի համար մեկս հայր ենք կորցրել, մեկս որդի, մյուսը՝ եղբայր, հիմա էդ ո՞նց եղավ, որ ազգության մի մասնիկը պետք է որոշի մեր հայրենիքի տարածք հանձնել կամ չհանձնելու մասին: Այդպիսի բան չի կարող պատահել: Այս հանրահավաքով նաև նրանց բերաններն ենք փակելու, ովքեր ասում են՝ ի՞նչ արցախցի, մոռացեք նրանց».-ասաց Զաքարյանը:
Նշենք, որ հավաքը կմեկնարկի վաղը`ժամը 16:00-ին, Ծիծեռնակաբերդից` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից, որից հետո մասնակիցները ջահը կվառեն անմար կրակով և կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճ հավաքից հետո քայլերթով կշարժվեն դեպի Եռաբլուր: