Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը 2008 թվականի մարտի 1-ը համարում է ժողովրդավարության հաղթանակի օր:
«Մարտի 1-ին՝ օրվա սկզբին, պետք է հիշատակի արարողություն իրականացվի՝ նվիրված զոհված 10 քաղաքացուն, ապա տոնախմբություն՝ նվիրված ժողովրդավարության հաղթանակին»,- հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Արշակյանը:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կարևորում է պատմական այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության պայքարում:
«Իհարկե, պետք է հարգել բոլոր այն զոհերի հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել այդ ցավալի իրադարձությունների ժամանակ: Սակայն կարծում եմ, որ այստեղ որոշ հարցեր կան: Փողոցները քանդելով, մեքենաներ այրելով հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել»,- ասաց Բաբայանը և հավելեց, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ այդ հարցում չկա մեկ տեսանկյուն, պետք է բոլոր տեսանկյուններն էլ հարգել:
Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով են պայքարել, որպեսզի իրենց խոսքը հաղթի, բայց կա պետություն, որը պետք է միշտ լինի առաջնահերթ:
«Եթե չունենանք պետություն և քայքայենք դրա հիմքերը՝ մենք չենք ունենա ոչինչ: Մենք պետք է հստակ հասկանանք, որ միայն ժողովրդավարության դրոշը բարձրացնելով պետություն չենք ստեղծի: Պետք է հաշվի առնել նաև անարխիկ երևույթների հետևանքները»,- ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը: Բաբայանը հավելեց, որ այսքան տարի անց պետք է փակել պատմության այդ դուռը և մարտի 1-ի իրադարձությունները պետականորեն չնշել, երթեր չանել, քաղաքական ուղերձների հարթակ չդարձնել:
Կուսակցության նախագահը շեշտեց, որ պետք է հարգել զոհերի հիշատակը ու փորձել կառուցել այնպիսի պետություն, որտեղ այլևս երբեք չլինեն նման առճակատումներ և անհանդուրժողականություն:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ մարտի 1-ի իրադարձությունները չպետք է մոռանալ, դրանք պատմության մի մասն են, բայց այդ ամենը չպետք է քաղաքականացվի:
«Այդ իրադարձությունների գործը պետք է գնա միայն իրավական հարթության ուղղությամբ և հենց այնտեղ էլ լուծվի: Այնտեղ էլ պետք է փակվի և արդեն բացվի մարտի 2-ի էջը Հայաստանում»,- ասաց Քոչարյանը:
Նա ճիշտ է համարում երթ իրականացնելը, որը հարգանքի տուրք է զոհվածների հիշատակին, սակայն չհամաձայնեց Ազատ Արշակյանի հետ, որ պետք է տոնախմբություն իրականացնել: