«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ մարտի 1-ն էր, ու հայ հասարակությունն իր հարգանքի տուքը մատուցեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեղի ունեցավ նաեւ քայլերթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
«Փաստ» թերթը քանիցս անդրադարձել է երկրում տեղի ունեցած մի շարք իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին: Եվ ահա, երեկ իր ուղերձում վարչապետը մասնավորաբար նշել է, որ «այդ իրադարձություններից 11 տարի անց, ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենեւին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական եւ թերեւս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը»: Այս գնահատականը, մեր տեղեկություններով, շարունակություն է ունենալու ոչ միայն իրավական հարթության մեջ: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները նախաձեռնում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ փոփոխություն կատարել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, ուր Մարտի 1-ը կներառվի որպես 2008 թ. մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր:
Ըստ տեղեկությունների, այն հնարավոր է իրականանա առաջիկա նիստերին, որպեսզի հնարավոր լինի օրենքն ընդունել Մարտի 1-ի զոհերի արձանի բացմանը զուգահեռ: Մեզ դեռեւս չհաջողվեց պարզել՝ աշխատանքայի՞ն, թե՞ ոչ աշխատանքային է լինելու այդ օրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում