Մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն - հուշահամալիրում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի հիշատակի և ոգեկոչման արարողություն։
Սպարապետի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց․ «Եթե ընտրվեմ ԵԿՄ նախագահ, ես իմ գործունեությունը սկսելու եմ այնտեղից, որտեղ վերջացրել էր Վազգենը։ Երկրապահը պետք է սիմվոլ դառնա բանակի համար։ Երկրապահի կարևորությունը ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մեր ու մանուկ, տարեց ու երիտասարդ կանգնեցին բանակի կողքին։ ԵԿՄ-ում էլ ամեն ինչ պետք է կանոնակարգվի։ Եթե ես դառնամ նախագահ, տարեցները չեն մնա ԵԿՄ-ում։ Երկրապահ կդառնան նրանք, ովքեր պարտադիր ծառայություն են անցել, բացի այդ նրանք ժամանակ առ ժամանակ կվերապատրաստվեն։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Եթե խաղաղություն ենք ուզում՝ պե՛տք է պատերազմենք, էսօր թշնամին մեզնից ավելի շատ է վախենում, քանի որ տեսնում է մեր միասնականությունը ։ Պատերազմը մեզնից մի քայլ հեռացել է ։
Սասուն Միքայելյանի խոսքով՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը չի կարող այլ ճանապարհով գնալ։ Պետք է լինի ժողովրդավարություն և իշխանությունը այդ ճանապարհով գնա: Մեզ դրա համար համբերություն եւ համախմբվածություն է պետք, որ քայլ առ քայլ կարողանանք առաջ գնալ։ Կամաց-կամաց լցնենք նախորդ իշխանության կողմից առաջացրած փոսը։ Վազգեն Սարգսյանը այնպիսի հիմքեր դրեց բանակում և կառավարությունում, որ մինչև հիմա դրանք պահպանվել են:
Տեսանյութը՝ 1in.am-ի