Այս պահին ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատակիցները «Կիլիկա» ավտոկայանում են։ Թե ինչ գործողություններ են իրականացնում այնտեղ, դեռևս հայտնի չէ։
Ըստ խոսակցությունների՝ ավտոկայանի տարածքները երկար ժամանակ անօրինական են տրվել վարձակալությամբ, իսկ դրանից ստացված եկամուտները գրպանվել են։ Տեղեկություններ կան, որ այս ամենի հետևում կանգնած է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան ազգանունը փոխել է), ով ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի մտերիմն է ու Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին։
Նշենք, որ «Կիլիկա» ավտոկայանի տնօրենը երկար տարիներ եղել է Ռուբեն Կոստանյանի (Սիմոնյան) եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը, ով գրեթե մեկ ամիս առաջ ազատվեց աշխատանքից՝ տնօրենի պաշտոնում այլ մարդու նշանակվելու հետևանքով: Նրան փոխարինել էր Ռոման Համբարձումյանը, որի տան բակում օրեր առաջ այրել էին մեքենան։ Ի դեպ, այս դեպքը ևս կապվում է «Ավտոկայանի նայող» Բոգոյի անվան հետ։ Կարելի է ենթադրել, որ այս շղթայական իրադարձությունների հետ կապված էլ 6-րդ վարչությունը ինչ-որ գործողություններ է իրականացնում։