Երեկ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որով մի կողմից անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, մյուս կողմից՝ անուղղակիորեն պատասխանել են Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան բանակցությունների հետ կապված վերջին հայտարարություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ի տարբերություն նախորդ հայտարարությունների, անդրադարձել են նաև կարգավորման գործընթացի հիմնական սկզբունքներին։ Համանախագահները, ի թիվս այլ կետերի, կրկին նշել են ազատագրված տարածքների վերադարձի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ նշված է նույն անորոշ՝ որևէ ժամկետ չարձանագրող ձևակերպումը։ Հայտարարության այս վերջին հատվածը՝ «…նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման՝ պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները», ըստ էության, պատասխանն է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին հայտարարությանը, որը համանախագահները մերժում են:
Ադրբեջանը, ի դեպ, այսօր ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որը ըստ Բաքվի՝ ազդանշան է Հայաստանի համար: Մեր երկրի օկուպացված տարածքների վրա ստեղծված տխրահռչակ ռեժիմը բանակցություններում ներգրավելու փորձերը և ձևաչափի փոփոխությունը անթույլատրելի են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Աբդուլլաևան: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացում շահագրգիռ կողմերին, ապա, ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, այդպիսիք հանդիսանում են «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջանի հայ և ադրբեջանական համայնքները, որոնք ունեն հավասար իրավունքներ»: Հայկական կողմի մեկնաբանություններից էլ, անկեղծ ասած, տպավորություն չի ստեղծվում, որ Հայաստանը որևէ կերպ մտահոգվել է համանախագահների սահմանած սկզբունքներից:
ՀՀ ԱԳՆ–ից, արձագանքելով համանախագահների հայտարարությանը, խոսում են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունների մասին, բայց հայտարարության մեջ այդ համաձայնագրերն արդեն չկան։ «Իմ Քայլի» պատգամավորներից Վլադիմիր Վարդանյանը, օրինակ, կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահները պարզապես փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը, և քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված են եղել այն ժամանակ: Մինչդեռ այդ հայտարարությունից պարզվում է, որ ղարաբաղյան կարգավորման սեղանին Կազանի փաստաթուղթն է, կամ միջազգային միջնորդները ձգտում են, որ սեղանին մնա հենց այդ փաստաթուղթը: Ստացվում է, որ Փաշինյանն իրապես կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ: Կարո՞ղ է արդյոք ՀՀ վարչապետը մասնակցել բանակցային գործընթացին՝ առանց իր առաջ քաշած պայմանի բավարարման։ Այդ պայմաններով մասնակցությունը կնշանակի հրաժարում իր սահմանած նպատակադրումից, չմասնակցությունը կնշանակի բանակցային գործընթացի տապալում՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով։ «Վերադարձ դեպի Կազանը» նշանակում է, որ Ադրբեջանի նախաձեռնած 2016–ի ապրիլի քառօրյան այլևս «դուրս գրվեց» Բաքվի վրայից։