Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում շարունակվում է դասադուլն ու գործադուլը։ Պահանջը անփոփոխ է՝ դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը և ուսմասվար Գայանե Մարտիրոսյանի վերադարձը։

Երեկ դպրոցի տնօրենը, տեսնելով ստեղծված վիճակը, խոստացել էր գնալ մարզպետարան՝ հրաժարականի դիմում գրելու։ Սակայն, մեր ստացած տեղեկություններով, մարզպետ Գարիկ Սարգսյանը չի համաձայնել ընդունել դիմումը։ 
Այս պահին շարունակվում է դասադուլն ու գործադուլը։ Տնօրեն Անդրեասյանը չի եկել դպրոց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի։

Բողոքի ակցիայի մասնակիցները մտադրություն ունեն ճանապարհ փակելու։

Երեկ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին նորընտիր տնօրենը որոշել է փոխարինել՝ նրա պաշտոնում նշանակելով մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին։