«Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը շատ կարևոր ուղերձ է Մինսկի խմբի նախագահների հայտարարությունից հետո»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Նիկոլ Փաշինյանի ելույթը նիստի ընթացքում համապարփակ ելույթ էր՝ հստակ մտածված ուղերձներով և, երևի թե առաջին անգամ նոր իշխանությունը համակարգված ձևով միջազգային հանրությանը և Ադրբեջանին ուղերձ հղեց Արցախի հիմնահարցի հետ կապված: Ես կարծում եմ, որ Արցախի ներկայացուցիչների բանակցային գործընթացին վերադարձի հարցով միջազգային հանրության հետ այսօր առավել, քան երբևէ՝ աշխատանք պետք է տարվի»,- ընդգծեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դրական է արձագանքում Արցախում կազմակերպված համատեղ նիստին:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայություն» գաղափարը, վերջ է դրել բառախաղին: Այսինքն՝ ըստ Ադրբեջանի՝ «Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում Արցախում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», Մարուքյանը պատասխանեց.
«Ճիշտն ասած, ես չէի ցանկանա Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանել, որովհետև իրենք օրը մի բան են ասում, ավելին՝ հանդիպումների և բանակցությունների ժամանակ մի բան են ասում, վերադառնում են Ադրբեջան՝ այլ բան են ասում: Այդ պատճառով՝ միջազգային հանրության կարծիքի վրա եկեք կենտրոնանանք, քանի որ նրանց կարծիքն այս առումով շատ ավելի կարևոր է»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:
Սիլվի Տիգրանյան