Հայաստանում ընթացող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում ՊՆ-ում քննարկվում են բարեվարքության ամրապնդման խնդիրները:

Մարտի 14-ին տեղի ունեցող խորհրդաժողովը նախագահում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի Հայաստանի գծով ղեկավար Բենեդիկտ Բորելը:

«Բարեվարքի նոր մշակույթը սերմանելու մեջ նրբություններ կան: Մենք բարեվարքի ամրացման մեկնարկը սկսել ենք 2013 թ., հետո փոքրիկ դադար եղավ, և շատ հաճելի է, որ պաշտպանության նախարարը վերսկսեց այս գործընթացը: Սա զգայուն, նուրբ գործ է, որովհետև առնչվում ենք պաշտպանության ոլորտի հետ»,- նշեց Բորելը:

Փարիզի բիզնես դպրոցի նախկին դեկան Ժորժ Նուրդինը նշեց, որ առաջնորդության մի քանի տեսակ կա, սակայն քննարկման կարևոր ուղղությունը տրանսֆորմացիոն առաջնորդությունն է:

«Առաջնորդության տեսակները մի քանիսն են՝ ճանաչողական առաջնորդություն, հրամանատարական, մասնակցային առաջնորդություն, սակայն մեզ այսօր ամենից շատ հետաքրքրում է տրանսֆորմացիոն առաջնորդությունը: Սա այն առաջնորդությունն է, որի դեպքում առաջնորդը կարող է կազմակերպությունը կամ նույնիսկ երկիրը Ա կետից Բ կետ տեղափոխել՝ այդ ճանապարհին դիմադրության հանդիպելով: Եթե փոփոխելիս դիմադրության չես հանդիպում, նշանակում է, չես էլ փոխում: Դա նորմալ երևույթ է»,- ասաց Ժորժ Նուրդինը:

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը մեկնարկել է մարտի 12-ին և կտևի մինչև մարտի 15-ը: