Ամուր և ներդաշնակ ընտանիքի հիմքը առողջ սեռական կյանքն է, որը մարդու ընդհանուր առողջության անքակտելի մասն է: Զույգերի «առողջ» միջանձնային հարաբերությունները, սեռական ներդաշնակությունը և իհարկե փոխադարձ վստահելի հարաբերությանները վերոնշյալի կարևորագույն մասն են: Սակայն, որոշ դեպքերում հիվանդությունները, սոցիալ-հոգեբանական, մշակութային գործոնները, պատճառ են դառնում սեռական աններդաշնակության առաջացման, որը սեքսոլոգիական պրակտիկայում դրսևորվում է ցավային համախտանիշի (դիսպարեունիա) տեսքով:
Ըստ DSM V-ի` այն ներկայումս դասակարգվում է որպես սեռա-կոնքային ցավ, ներթափանցման խանգարում:
Դիսպարեունիան սեռական խանգարում է, որը բնորոշվում է ցավային զգացողություններով փոքր կոնքում, հեշտոցում և արտաքին սեռական օրգաններում՝ սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում և/կամ հետո կամ նույնիսկ այդ մասին մտածելիս:
Հանդիպում է և´ կանանց, և´ տղամարդկանց մոտ: Սակայն, կանանց մոտ` առավել հաճախ:
Ցավի առաջացման պատճառները բազմաթիվ են, սակայն, ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման, բաժանվում են 2 հիմնական խմբի ՝
1.փսիխոգեն՝ պայմանավորված հոգեբանական գործոններով,
2. օրգանոգեն՝ պայմանավորված ֆիզիկական կամ այլ ախտաբանական վիճակներով:
Փսիխոգեն պատճառներ.
1.չափից ավել ֆիքսվածություն ցավային զգացողությունների վրա և/կամ վախ ցավից, որը կարող է տարած փսիխոտրավմաների հետևանք լինել ՝ բացասական սեռական փորձ, առաջին ցավոտ սեռական ակտ, սեռական բռնություն,
2. լարված միջանձնային հարաբերություններ, նյարդահոգեկան լարվածություն, դեպրեսիվ և տագնապային վիճակները,
3.վախ սեռական հարաբերությունից, կուսազրկումից, հղիանալուց, սեռավարակներից,
4.ոչ բավարար լյուբրիկացիա (սեռական օրգանների խոնավեցում) և պատրաստվածություն սեռական ակտին, զուգընկերոջ կոպիտ և ոչ ադեկվատ վարք,
5.տղամարդու ինքնահաստատման անվերահսկելի ցանկություն, որը դրսևորվում է սեռական հարաբերության ժամանակ կոպիտ և ագրեսիվ վարքով,
6.անտիսեքսուալ դաստիարակություն, ինֆորմացիայի բացակայություն կամ դեզինֆորմացիա,
7. մեղքի զգացում,
8. անձնային առանձնահատկություններ՝ ինֆանտիլություն. անսահման ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկություն, մանրախնդրություն, անինքնավստահություն, ցածր ինքնագնահատական և այլն:
Օրգանական պատճառներ.
1.փոքր կոնքի և սեռական օրգանների հիվանդություններ ,
2.սեռական օրգանների զարգացման արատներ և տրավմաներ:
Հիվանդություններ, որոնք պատճառ են դառնում ցավոտ սեռական հարաբերության՝
● սեռական օրգանների ինֆեկցիոն և ուռուցքային հիվանդություններ,
● պրոստատիտ,
● էնդոմետրիոզ,
●հեշտոցի չորություն (էստրոգենային անբավարարության և անոթային խնդիրներով պայմանանվորված),
● միոմա,
● ձվարանների կիստա,
● աղիքային հիվանդություններ
●նյարդային համակարգի խանգարումներ և այլն:
Կլինիկա
Հիմնական գանգատը, որի համար դիմում են սեքսոպաթոլոգին, մշտական կամ կրկնվող ցավն է սեռական հարաբերության ժամանակ, որը ոչ միայն ներանձնային խնդիրների, այլ նաև ամուսնական աններդաշնակության պատճառ է դառնում:
Ցավի պատճառով զույգը սկսում է խուսափել սեռական հարաբերությունից, որն էլ ավելի է խորացնում խնդիրը` պատճառ դառնալով սեռական ցանկության բացակայության, գրգռման խանգաման, անօրգազմիայի, ինչպես նաև ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների առաջացման:
Տարբերակիչ ախտորոշում
Անհրաժեշտ է տարբերակիչ ախտորոշում անցկացնել օրգանոգեն և ոչ օրգանոգեն ծագման ցավերի միջև:
Ցավի տեղակայումը, բնույթը, ինտենսիվություն, կապը սեռական հարաբերության հետ, սոմատիկ հիվանդությունների առկայություն կամ բացակայություն (շաքարային դիաբետ, վասկուլոպաթիաներ և այլն) կլիմակտերիկ շրջան. կարևոր դիագնոստիկ նշանակություն ունեցող նշաններ են:
Լիարժեք հավաքված սեքսոլոգիական անամնեզի, գրագետ ուղորդված հետազոտությունների, բոլոր տիպի օրգանական ախտահարումները բացառելուց հետո միայն կարելի է ախտորոշել փսիխոգեն ծագման ցավ և կազմակերպել համապատասխան բուժում: Անամնեզի հավաքման ընթացքում անհրաժեշտ է պրոցեսի մեջ ներգրավել զուգընկերոջը/զուգընկերուհուն, քանի որ նրանց մասնակցությունը շատ կարևոր է հետագա բուժման պլանավորման գործընթացում:
Բուժում
Օրգանական պատճառի հայտնաբերմաան դեպքում պետք է ուղեգրել համապատասխան մասնագետի մոտ՝ շարունակելու համար հետագա բուժումը:
Փսիխոգեն ծագման դեպքում՝ փսիխոթերապիա (սեքս-թերապիա) զուգակցված անտիդեպրեսանտների, տրանկվիլիզատորների, անքսիոլիտիկների, ինչպես նաև սեռական օրգանների մկանային և կապանային համակարգը մարզող ու ամրացնող՝ Կեգելի վարժությունների հետ:
Անհրաժեշտ է հնարավորինս վաղ կողմնորոշվել և դիմել մասնագետի, քանի որ ժամանակի ընթացքում ավելի են խորանում զույգի միջանձնային, ինչու չէ նաև ներանձնային դժվարությունները, վախի զգացումը և ի վերջո արմատավորվում է անելանելիության ելքը: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ նույնիսկ այս դեպքերում, զույգի համատեղ մեծ ցանկության դեպքում, խնդիրը լուծելի է, պարզապես կպահանջվի ավելի երկար ժամանակ: Քանզի սեռական առողջությունը ընդհանուր առողջության և ներդաշնակ ընտանիքի հիմքն է, ուստի հորդորում եմ ճիշտ ժամանակին դիմել մասնագետի՝ լուծելու համար խնդիրը և ապրել անհոգ ու լիարժեք:
Հեղինակ՝ բժիշկ-սեքսոպաթոլոգ Լուսինե Ստեփանյան
Նյութի աղբյուրը՝ sexology.am