«Ես կողմ եմ, որ նախարարություններում կրճատումներ լինեն և կառավարման արդյունավետությունը բարձրանա: Նախարարությունների կառուցվածքային մասով մենք, իհարկե, դեռևս չենք քննարկել խորհրդարանում, բայց կարծում եմ, որ օպտիմալացման որոշումներում ամեն դեպքում շտկումների կարիք կա»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Գյուղատնտեսության և Էկոնոմիկայի նախարարությունների միացմանը:
Հարցին, թե արդյո՞ք մեծ թվով մարդկանց գործազրկությունը երկրում սոցիալական վիճակի վատթարացման չի հանգեցնի, պատգամավորը պատասխանեց.
«Կարելի է ասել, որ հենց ժողովուրդն է այդ կրճատվող մարդկանց պահում նախարարություններում, որոնք առանձնապես իրական ծառայություն ժողովրդին չեն մատուցում»:
Վարազդատ կարապետյանի խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարությունը վերջին տարիների ընթացքում իր գործառույթները կրճատելով հանգեցրել է նրան, որ այժմ զբաղվում է ընդամենը մի քանի ուղղություններով՝ մասնավորապես՝ վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ: Գյուղատնտեսությունը իրականում պետք է հասկանալ ամբողջական ճյուղերով և գործառույթներով:
Ըստ նրա՝ նախարարությունն ավելի շատ ֆինանսական աջակցություն ցույց տվող կառույց է դարձել:
«Գյուղատնտեսության նախարարությունը կլինի առանձին նախարարություն, թե կլինի Էկոնոմիկայի նախարարության կազմի հետ, այնուամենայնիվ, էապես բարեփոխվելու կարիք ունի: Խնդիրը կոնկրետ նախարարությունը չի, այլ վարած քաղաքականությունը: Պետք է արդյունավետ քաղաքականություն մշակել: Դա կարելի է անել և՛ պահելով Գյուղատնտեսական նախարարությունն առանձին, և՛ միացնելով Էկոնոմիկայի նախարարությանը: Նախարարությունների միավորման խնդիրն այստեղ այնքան կարևոր չէ, որքան այն, թե ինչ քաղաքականություն կմշակվի գյուղատնտեսությանը պետական աջակցության հարցում»-եզրափակեց Վարազդատ Կարապետյանը:
Սիլվի Տիգրանյան