Աբովյան համայնքի ավագանու անդամները հայտարարություն են տարածել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի` Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ոչ պատշաճ աշխատանքի եւ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի առնչությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն` անփոփոխ:
«Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տվածհարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքիավագանու գործունեության վերաբերյալ։
Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարօրություն Աբովյան համայնքի և աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցված պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ և ադեկվատ չէ:
Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն և հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև։
Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել և մասնակից է եղել մեր սիրելի քաղաքի արդյունավետ կառավարմանը և զարգացմանը:
Մեր վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ:
Հորդորում ենք պարոն մարզպետին այսուհետ զերծ մնալ նման կարգի գնահատականներ հնչեցնելուց և մնալ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»: