Արարատի Ուրցաձոր համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո էլ կրքերը չեն հանդարտվում: Ուրցաձորցիները դարձյալ պահանջում են, որ համայնքի վերընտրված ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տա՝ պնդելով, որ վերջինս ընտրակաշառքի և ընտրակեղծիքի միջոցով է վերընտրվել:

Ուրցաձորցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, քանի որ տևական ժամանակ է՝ իրենք բողոք են ներկայացրել համայնքի ղեկավարի դեմ, հարուցվել են քրեական գործեր, սակայն դեռևս այդ գործերին ընթացք չի տրվել՝ մարզային դատախազության և մարզային քննչական կոմիտեի կողմից:

«Ամիսներ շարունակ ձգձգվում է, և այս ամենի արդյունքում համայնքի ներկայիս ղեկավարը գյուղի իրական տերերին՝ գյուղացուն խեղճացնում է, նվաստացնում: Գյուղապետարանում աշխատում են միայն իր բարեկամները, իսկ նրանց, որոնց ԺՊ-ն էր նշանակել, իր ընտրվելուց հետո ստիպողաբար դիմում գրել է տվել: Ուրցաձոր խոշորացված համայնքի ղեկավարը կարծես ճորտատեր լինի և ամեն ինչին վերաբերվում  է ինչպես իր սեփականություն, գյուղի բնակիչներին՝ ևս»,ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը և նշեց, որ համայնքի ղեկավարն իրեն ընդդիմացող բոլոր մարդկանց հետ խոսում է ուժի լեզվով, անգամ զենքի սպառնալիքով ծեծել է համայնքի բնակիչ Արտակ Սաֆարյանին:

Ցուցարարները նշում են, որ ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար Անդրեասյանին ընտրել են միայն համայնքում գրանցված, սակայն այդտեղ չբնակվող մարդիկ և նրա հետ մտերիմ, ազգակցական կապեր ունեցողները:

«Ճիշտ կլիներ՝ ընտրությունը հենց համայնքի բնակիչները կատարեին: Նրանք բոլորը դեմ են այս համայնքի ղեկավարին: 1999 թվականից ի վեր՝ գյուղացիները նրանից միայն դժգոհություններ ունեն և արձանագրում են նրա ապօրինությունները: Բազմաթիվ խախտումներ կան, որոնց ապացույցները ունենք. նրա 24-ամյա աղջիկն արդեն հանքի սեփականատեր է,  համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ շարժական և անշարժ, ամեն ինչ սեփականաշնորհված է իր և իր ընտանիքի անդամների և իր մերձավորների անուններով: Այդ խախտումներում ներգրավված են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անուններ դեռ չենք ուզում տալ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը: Գլխավոր դատախազությունում արդեն երկու քրգործ հարուցվել է, և մենք  հետամուտ ենք լինելու, որպեսզի Ուրցաձոր համայնքի բնակիչների իրավունքները չոտնահարվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ