ԱԺ այսօրվա նիստում գյուղատնտեսության փոխնախարարը անչափ ուշագրավ հայտարարություն է արել. ըստ նրա՝ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերը, ով մշակում է իր տնամերձը, պիտի որոշակի հարկեր և տուրքեր վճարի, որպեսզի դրա դիմաց նրա համար հաշվարկվի ստաժ:
  
Այն, որ հարկային բեռը իրենից ենթադրում է ծանրացում՝ ակնհայտ է: Գյուղատնտեսության հարկումը մեծ քանակությամբ ապրանքների վրա կարող է տարածվել: Ինչն էլ իր հերթին գների բարձրացման լուրջ ռիսկեր է պարունակում: Դժվար չէ կռահել, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները ստիպված են լինելու հարկային բեռի ավելացումը փոխհատուցել գների բարձրացմամբ:
  
Սակայն ուշագրավն այստեղ այն է, որ նման քայլն ունենալու է հստակ քաղաքական հետևանք: Հեղափոխությունը այդպես էլ չի հասել Հայաստանի մարզեր, գյուղեր: Գյուղացին այսօր ճանապարհ է փակում բանկերում տոկոսների բարձր լինելու պատճառով, իսկ ի՞նչ կլինի, եթե առկա բոլոր խնդիրներին ավելանա նաև հարկումը: Հասկանալի է, որ սա բողոքի լայն ալիք կբարձրացնի, իսկ դա արդեն Փաշինյանի համար լուրջ խնդիր է, քանի որ տեղում իր կադրերը՝ գյուղապետերը և մարզպետները չեն վայելում բնակիչների հարգանքը, նրանք այդպես էլ տեղերում գործոն չդարձան, իսկ սա նշանակում է, որ այդ բողոքի ալիքները զսպող գործոն էլ չեն դառնա: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նախկին իշխանությունները գուցե և թալանում էին, սակայն մտածված կերպով հասարակության առնվազն մի հատվածի համար ապահովում էին կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները, թողնում էին շնչել: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա օրոք ճնշում են և՛ աղքատներին, և՛ հարուստներին: Շքեղության հարկի կողքին, օրինակ, կարող են մտցնել գյուղատնտեսական հարկ: Արդյունքում սա հանգեցնելու է մի իրավիճակի, երբ չի լինի հանրային որևէ սեգմենտ, որը գոհ կլինի օրվա իշխանություններից: Հետևաբար, Փաշինյանը բյուջեն ամեն գնով լցնելու մոլուցքում պետք է ավելի զգույշ լինի և զերծ մնա նման ռիսկային քայլերից…