Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի համար անակնկալ էր ազատման հրամանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ, իհարկե, նշմարվում էր, որ իր անձի շուրջ ինչ-որ զարգացումներ են ծավալվում, սակայն ազատման հրամանին չէր սպասում:
«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը կարծում է, որ լեգիտիմ կարգով չեմ նշանակվել: Թե ինչ կանեմ, դեռ կերևա, սակայն կարող եմ ասել, որ այն, ինչ անում է, լեգիտիմ չէ: Կարծես, թե կոլեկտիվը նախատեսում է դատական հայց ներկայացնել այս որոշման դեմ, միգուցե ես նույնպես…կտեսնենք»,-ասաց Կոնստանտին Օրբելյանը: Նա նշեց, որ մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ և վերջինիս համար այս քայլը նույնպես անակնկալ էր:
Կոստանտին Օրբելյանը վրդովված չէ, ամեն դեպքում, այս ամենին ժպիտով է վերաբերվում և նշում, որ իր գրքում այս զարգացումները տեղ կգտնեն:
«Ի դեպ, հրամանում նշված է, որ ապրիլի 1-ից եմ ազատվում, միգուցե դա կատակ է … (ծիծաղում է)»,-ավելացրեց Կոնստանտին Օրբելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Տեսանյութը՝ news.am-ի։