Այսօր՝ ապրիլի 1-ին ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի աջակցություն Կոստանտին Օրբելյանի։
Ակցիայի մասնակիցները պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը։
Լրագրողների հետ զրույցում թատրոնի և կինոյի դերասան Վիգեն Ստեփանյանն ասաց. «Բոլոր մարդիկ էլ սխալական են, բայց մի բան է՝ ես մտածեմ այս բանը գնեմ իմ տան համար, թե ոչ, և մի բան է՝ կառավարել նման հսկայական կառույց։ Գաղտնիք չէ, որ թատրոնները միշտ չեն միասնական և միակարծիք։ Չի կարելի օդից վերցնել և նշանակել թատրոնի տնօրեն։ Թատրոնի տնօրենը պետք է կարողանա շփվել արտիստների հետ։ Օպերային թատրոնը ամենամեծ կառույցն է, այն կազմված է 4 թատրոններից։ Եթե ինձ առաջարկեին, ես կհրաժարվեի և կասեի՝ դա իմը չէ։ Ձեզ որ առաջարկում են նախարարի կամ փոխնախարարի պաշտոն, գոնե պատկերացնու՞մ եք ինչ եք ղեկավարելու։ Բոլորս էլ կարող ենք ասել հա, բա հետո՞։ Պետք է ծրագիր ունենաս, իրավիճակին տիրապետես, անելիքներդ հասկանաս»։
ԼՈՒՐԵՐ. com- ի հարցին, թե ո՞րն է լինելու արվեստագետների հաջորդ քայլը, եթե իրենց պահանջները չբավարարվեն, դերասանը պատասխանեց. «Ես Օպերայի դերասան չեմ, ես այստեղ եմ որպես արվեստագետ։ Եկել եմ այստեղ, որ բացատրեմ՝ արվեստագետի հետ չի կարելի հենց այնպես վարվել, մանավանդ՝ ճանաչում ունեցող, համբավ ունեցող, փորձ ունեցող, ճանապարհ անցած արվեստագետի հետ։ Մենք մեր ճանաչումը, անունը վաստակել ենք տարիների ընթացքում։ Նազենի Ղարիբյանին հիմա գիտեն բոլորը, մի քանի ախմախ հրաման ստորագրելուց հետո ավելի հայտնի դարձավ, քան մենք»,- խոսքի վերջում հավելեց Վիգեն Ստեփանյանը։