Ինչպես գիտենք, օրերս Ստեփանակերտում էր Հայասստանի իշխող կուսակցության պատվիրակությունը, եւ այդ այցի ընթացքում ելույթ ունենալով Արցախի խորհրդարանում՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը բազմիցս կրկնել է «մենք ու դուք»՝ հայտարարելով, որ «մեր ու ձեր» հարաբերությունները չպետք է սահմանափակվեն միայն նրանով, որ մեր տղաները ծառայում են իրենց մոտ: Նա կոչ է արել ճանաչողական այցեր կատարել, որ երկու երկրների հանրությունները ճանաչեն միմյանց:
Անչափ հետաքրքիր է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները մեկնում են Արցախ՝ միասնության կոչեր հղելու, սակայն փոխարենը հնչեցնում են «մենք–դուք» թեզեր: Այս ամենն այլևս չենք կարող համարել պարզ պատահականություն, սա նոր իշխանությունների քաղաքական գիծն է, երբ Արցախի և Հայաստանի հասարակությունների միջև բաժանարար գծեր անցկացնելով, փորձ է արվում «ձեռքերը լվանալ» Արցախից: Ամեն կերպ հասարակությանը մեսիջ է հղվում, որ Արցախը պետք է ինքնուրույն իր գլխի ճարը տեսնի, սոցիալական ցանցերում էլ տիրաժավորվում է գաղափարը, որ եթե խաղաղություն եք ուզում, մեզնից արյուն մի՛ պահանջեք: Հասկանալի է չէ՞, թե ինչպիսի վտանգավոր և պառակտիչ հետևանքներ կարող են ունենալ նման ձևակերպումները:
Եվ եթե հայաստանյան սեգմենտը այդքան դառնագին է ընդունում, օրինակ, Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, ինչո՞ւ նույն կերպ չի արձագանքում, երբ գրեթե նմանատիպ հայտարարություն էլ հնչում է իշխող քաղաքական ուժի լիդերներից մեկի շուրթերից: Չէ՞ որ Արցախում շատ լավ հասկանում և գնահատում են ստեղծված իրավիճակը և ընդամենը փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել պաշտոնական Երևանի սխալների վրա: Վիտալի Բալասանյանը և մյուսները ցանկանում են իրենց շուրջ համախմբել Արցախի ընտրողներին, որոնք չեն ցանկանում, որ իրենց կողմնորոշեն, թե ինչպես ընտրել: Ոմանք այդ մարդկանց զգացմունքների վրա կարող են խաղալ՝ ստիպելով նրանց քվեարկել «Երեւանի դեմ»…