«Նայեք հանձնաժողովների նախագահների տեղակալներին, նայեք, թե ինչպիսին է անկուսակցական պատգամավորների ներկայացվածությունը Ազգային ժողովում: Ինքս էլ անկուսակցական պատգամավոր եմ, բայց հանձնաժողուվներից մեկի տեղակալն եմ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անկուսակցական պատգամավոր Արտակ Մանուկյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Իմ քայլը» խմբակցությունում անջրպետ կա ՔՊ-ական և անկուսակցական պատգամավորների միջև և անկուսակցականները հնարավոր է, որ առանձնանան խմբակցությունից:

Արտակ Մանուկյանը նշեց, որ իր կարծիքով՝ տեղին չեն այն խոսակցությունները, թե իրենց խմբակցությունում պառակտումներ կան: Հարցին, թե արդյո՞ք կուսակցական չլինելու փաստը կխանգարի իրենց` շատ հարցերում չհամաձայնելու համար, կամ, եթե կուսակցական չեն, կարողանո՞ւմ են անկաշկանդ մյուսների պես ներկայացնել իրենց պահանջները և հարցերը, պատգամավորը պատասխանեց. «Ես կաշկանդված եմ միայն իմ խղճի առաջ, մնացած առումներով կաշկանդված չեմ: Եթե դուք դիտարկեք այն հարցերը, որոնք տրվում են պատգամավորների կողմից, նկատեք այդ հարցերի սրության աստիճանը, ապա կտեսնեք, որ որևէ կերպ պասիվություն չի նկատվում անկուսակցական պատգամավորների կողմից»:

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, թե այդ դեպքում, ինչո՞ւ է նա անկուսակցական, Արտակ Մանուկյանն արձագանքեց. «Ես, ճիշտն ասած, երբևէ չեմ եղել կուսակցական, որևէ կուսակցության անդամագրվելու հայտ ևս երբևէ չեմ ներկայացրել, քանի որ ինձ համար կուսակցական դառնալը խիստ պատասխանատու որոշում է: Ես մինչև չգիտակցեմ, որ կարող եմ ոչ միայն ինչ-որ բան ստանալ, այլև` տալ, երբեք նման քայլի չեմ գնա: Շատ դեպքերում կուսակցական լինելը կարող է զսպաշապիկ լինել, իսկ անկուսակցական լինելը` ոչ: Իրականում, մարդուց է կախված կաշկանդվա՞ծ է նա, թե ոչ, լինի կուսակցական, թե անկուսակցական»,-ասաց Արտակ Մանուկյանը` ընդգծելով, որ ինքը խորհրդարանում որևէ կաշկանդվածություն չունի:

Եզրափակելով իր խոսքը, պատգամավորը նշեց, որ անձամբ ինքը «Իմ քայլը» խմբակցությունից առանձնանալու պատճառ կամ մտահոգություն չունի:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ