«Մի խաբեք մեզ և ձեզ» կարգախոսով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Ազգային ժողովի դիմաց` պառկելով մայթեզրին, բողոքի ակցիա է իրականացնում` պահանջելով վերականգնել կալանավայրերում գտնվողների իրավունքները:

Վարդգես Գասպարին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչ նկատի ունի իր ընտրած կարգախոսով. «Կալանավայրերում կատարվող իրողությունները թաքցվում են հանրությունից: Հիմա արդեն հրապարակավ բացահայտելու, ներկայացնելու ոչինչ չունեմ, մինչև այս ես անընդմեջ բացահայտել եմ, հիմա իմ պահանջը նրանց կտտանքների չենթարկելն է»,-ասաց ակտիվիստը:

Նրա խոսքով` կալանավորների համար կյանքի սպառնալիքներ կան, նրանց կտտանքների են ենթարկում:

Հարցին, թե արդյոք իր բողոքի հետ կապված Ազգային ժողովից պատգամավորներ իրեն մոտեցե՞լ են, ներկայացրե՞լ է արդյոք իր պահանջը, նա պատասխանեց. «Այո՛, տարբեր պատգամավորներ են արդեն մոտեցել, պայմանավորվել ենք հանդիպել, քննարկել: Ասացին, որ իմ ներկայացրած խնդիրներին կհետևեն»,-ասաց Վարդես Գասպարին` նշելով, որ երկար չի պատրաստվում պառկած մնալ մայթեզրին, կգնա, որ հետո հանդիպի պատգամավորներին: