«Իհարկե, եղան տարբեր հայտարարություններ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, բայց մեզ համար հանդիպման արդյունքը դեռ մութ է: Այդ պատճառով, մենք հանդիպում ենք կազմակերպել վարչապետի հետ: Այն լինելու է փակ հանդիպում` խորհրդարանի և Արցախի մեր պատգամավորական ընկերների հետ: Երբ հարցուպատասխանից հետո մեզ համար ամեն ինչ պարզ լինի, մենք էլ ձեզ կասենք»,-այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, թե ով Արցախի Հանրապետությունը մարզ է համարում, չհատի Արցախի սահմանը, Ծառուկյանը պատասխանեց. «Լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Արդեն 28 տարի է՝ Արցախն անկախ պետություն է և ունի իր նախագահը, իր խորհրդարանը, իր ծրագրերը և իր գործունեությունը: Արցախի ժողովրդի հիմնական պայքարը հենց անկախ պետության համար է եղել և այդպես էլ պետք է լինի»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ