«Գուդվին-Բետ» ՍՊԸ գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ վարչապետի հորդորից հետո ինքնակամ որոշել են գազալցակայաններից հանել խաղային սարքերը, ինչպես նաև հանդես են եկել առաջարկությամբ՝ թույլ տալ ընկերությանը բուքմեյքերական 2-ական գրասենյակ ունենալ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում, իսկ Երևանից դուրս՝ յուրաքանչյուր համայնքում՝ մեկական գրասենյակ։
Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրեր առաջ բուռն քննարկումների թեմա էր դարձել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը։ Որոշվեց հարցը հետաձգել՝ ավելի համապարփակ ուսումնասիրելու նպատակով:
Հարկ է նշել, սակայն, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ընդամենը դերերն ու դեմքերն են փոխվել։ Եթե նախկինում օրենսդրական նախաձեռնություններն ի շահ «Վիվառո»-ի էին իջեցվում, ապա այսօր արդեն որոշ պատգամավորներ հօգուտ «Գուդվին-Բետ»-ի են գործում։ ԼՈւՐԵՐ․com-ի դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը «Գուդվին-Բեթ»-ի բիզնես շահերն է պաշտպանում՝ որոշ հանգամանքերից ելնելով դեմ է արտահայտվում բուքմեյքերական կետերի փակվելուն, «Գուդվին-Բետ»-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը չհամաձայնեց․ «Հայկ Սարգսյանը հանդես է գալիս ընդհանրապես նախագծին դեմ լինելով և նույն բուքմեյքերական գրասենյակներով գործունեություն է ծավալում «Գուդվին»-ը, «Վիվառո»-ն և մյուս ընկերությունները։ Իսկ ի՞նչն է հիմքը, որ նա հանդես է գալիս բացառապես մեր օգտին։ Ես ինքս տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին եղել եմ և նման կարծիք ինձ մոտ չի ձևավորվել, այլ ընդհակառակը՝ մարդը շատ ճիշտ, հասկանալի, նորմալ մեկնաբանություններ տվեց, որ այս նախագիծը որևէ հարց չի կարգավորում»,- ասաց Սարգիս Միքայելյանը։
Մանրամասնեցինք՝ այս դեպքում էլ առաջ է քաշվում այն տեսակետը, թե Սարգսյանին պատգամավոր ընտրվելու հարցում օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները: Ինչպես հայտնի է՝ հենց վերջիններիս և Սերգեյ Մանուկյանին՝ «Շինանյութի Սերոժին» է պատկանում «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը: Այսպես ասած, Հայկ Սարգսյանն էլ դեմ արտահայտվելով շնորհակալություն է հայտնում վերջիններիս՝ իրեն աջակցելու համար և հերթը իրենն է: Սրան ի պատասխան Սարգիս Միքայելյանն ասաց.
«Սեփականատերերին ճանաչում եմ և նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Ձեր ասած օգնելը կարող է լինել խիստ հարաբերական։ Այն մարդը, ով իր վստահության քվեն տալիս է որևիցե անձնավորության, որ հետագայում նա դառնա դեպուտատ, չեմ կարծում, որ դա ինչ-որ․․․ անկեղծ՝ չեմ տիրապետում նման ինֆորմացիայի և չեմ կարող պատասխանել այդ հարցերին»։
Նկատենք, որ օրենսդրական այդ նախաձեռնությանը կարծես թե դեմ չէ «Վիվառո» ընկերությունը։ Հաշվի առնելով, որ բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն, ստացվում է՝ բուքմեյքերական գրասենյակների փակվելու արդյունքում հիանալի պայմաններ են ստեղծվում «Վիվառո»-ի համար։ Տպավորություն է, թե ԱԺ փոխնախագահի առաջարկած նախագիծը գրվել է հենց այս ընկերության համար։ Ըստ խոսակցությունների՝ Ալեն Սիմոնյանի շահագրգռվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Վիվառո» ընկերության սեփականատեր, «Բեսք Քոնսթրաքտ» ընկերության ղեկավար Վիգեն Բադալյանը նրա ընկերն է:
ԼՈւՐԵՐ․com-ը «Գուդվին-Բետ» ՍՊԸ գործադիր տնօրենից հետաքրքրվեց՝ արդյոք նման միտում տեսնո՞ւմ է, թե՞ ոչ՝ ինչին ի պատասխան Միքայելյանն ասաց․ «Չեմ կարող ասել մի բան, որի ապացույցը չունեմ և թույլ չեմ տա կոռեկտության սահմաններից դուրս գալ և ավելորդ հայտարարություններ անել, համենայն դեպս, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»:
Սոնա Հարությունյան