11.04.19-ին ՀՀ առողջապահության նախարար Արսենի Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն այն մասին, որ «կառավարության նիստում հանրային առողջապահության տեսանկյունից երկու կարևոր որոշում ընդունվեց»։
Այդ որոշումներից մեկը մինչև 7 և 7-ից 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված առանձին պահանջների մասին էր։
Մեջբերված էին 159, 159.1, 159.2, 159.3 կետերը։ Թորոսյանի հրապարակումից հասկանալի չէր, թե կոնկրետ որ օրենսգրքի մասին է խոսքը։
Դեռևս 2019 թվականի հունվարին այս մասին հրապարակվել է նաև «Արսեն Թորոսյանի առաջարկած բարեփոխումների թոփ 10-յակը՝ առողջապահական և կյանքի որակի բարելավման ոլորտներում» վերտառությամբ հոդվածում։ Այստեղ մեր քաղաքացիներին ներկայացվում է, որ car seat-երի կիրառման գաղափարը պատկանում է Թորոսյանին։
Ուշադիր ընթերցողը կնկատի, որ այս հրապարակման մեջ այս հարցի շուրջ կառավարության որոշման նախագիծ ներկայացրել է ոչ թե ՀՀ առողջապահության նախարարությունը, այլ ՀՀ արդարադատության նախարարությունը։
Վերոնշյալ «բարեփոխման» ուսումնասիրության նպատակով ես հարցում էի ուղարկել ՀՀ արդարադատության նախարարությանը։
Պատասխանից պարզվեց, որ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից (կցում եմ պատասխանը)։
Այդ պատճառով ՀՀ արդարադատության նախարարությունն իմ հարցումը վերահասցեագրել էր ՀՀ ոստիկանությանը։
ՀՀ ոստիկանությունը իմ հարցմանը պատասխանեց, որ նախագիծը մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ ոստիկանության կողմից (կցում եմ պատասխանը)։ Վերահսկողությունը նույնպես ոստիկանության գործառույթն է լինելու (ըստ շրջանառվող լուրերի սահմանվել է տուգանք 5000 դրամ)։
Այսպիսով, մեքենաների մեջ մինչև 7 և 7-ից 12 տարեկան երեխաների տեղափոխման համար նախատեսված նստատեղերի (car seat) մասին նախագիծը մշակվել է ոչ թե ՀՀ առողջապահության նախարարության (ինչպես գեղեցիկ PR-վում է Թորոսյանի 10 լուսապսակ բարեփոխումների մեջ), այլ ՀՀ ոստիկանության կողմից։
Մինչ ոստիկանությունը համեստորեն կատարում է իր աշխատանքը, առողջապահության նախարարության ուշադրության կարոտ որոշ մարդիկ ուրիշների կատարած գործը վերագրում են իրենք իրենց։
Սա էլ չլինի իրենց հետ կապ չունեցող Չինաստանից ներկրված շտապօգնության մեքենաների ֆոնին նկարահանումները, չարորակ նորագոյացությունների «անվճար» վիրահատական բուժման և «շուկայական գնով» պետպատվեր իրականացնելու մասին սուտ հայտարարությունները, ուրիշի միջոցներով սանավիացիոն ծառայության կազմակերպման վերագրումը Լուսապսակ անձին։
Կարելի է ասել, ԱՆ որոշ պաշտոնյաներ (ավելի կոնկրետ մեկ պաշտոնյա) զբաղված են ինքնագովազդով և ինքնաբավարարմամբ (կինո նայող միայնակ տղամարդու պես)։
Հ.Գ. Հարգելի ՀՀ ոստիկանություն, որպես ընդհանուր և մանկական նեյրովիրաբույժ փաստում եմ, որ մանկական տրավմատիզմը, մասնավորապես գանգուղային վնասվածքների ծանրությունն ու հաճախականությունը նվազեցնելու համար մանկական նստատեղերի առկայությունը կամ ամրագոտու կիրառումը խիստ կարևոր են։
Բայց, այս որոշման ընդունման հետ համատեղ անհրաժեշտ է բոլորին ապահովել մեքենաներում այդպիսի հարմարություններով։ Շուկայում առկա car seat-ի միջին արժեքը կազմում է 30.000 ՀՀ դրամ։ Մեր քաղաքացիների զգալի մասը հազիվ է հոգում իր ընտանիքի կարիքները, ուր մնաց թե ձեռք բերի անհրաժեշտ car seat-ը։
Առաջարկում եմ ՀՀ կառավարություն ներկայացնել car seat-ի ձեռքբերման սուբսիդավորման ծրագրի նախագիծ կամ վարորդներին տրամադրել car seat-եր։
Հ.Հ.Գ. ՄարԴա ուշադրության անբավարարությունից վաԴացել։ Մեկ-մեկ առավոտյան մեղրաջուր տվեք։
Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյան