««Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումից ես էլ եմ պարբերաբար դժգոհություններ հայտնում և մեր տանը այդ հաղորդումը դիտող չկա»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նրա խոսքով` մի հարց է դժգոհ լինելը և այլ՝ օրենսդրական կարգավորում տալը: Տիգրան Հակոբյանը նշեց, որ պետք է ոչ թե իրենց ճաշակով առաջնորդվեն, այլ օրենքով: Մոտ երկու ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտներ»-ի մի հաղորդում, որը կարող էր պարունակել անճաշակություն և հետևանքներ կունենար` փոխհամաձայնությամբ եթեր չի հեռարձակվել: Նա նշեց, որ թեկուզ արդարացի դժգոհությունը, սակայն, չի կարող իրավական հետևանքների հիմք դառնալ և արգելել մի հաղորդում, որը օրենք չի խախտում:
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե հեռուստատեսությամբ լեզվի աղավաղման դեմ պայքարի ի՞նչ մեթոդներ են պատրաստվում կիրառել և արդյո՞ք եթերային խոսքում ժարգոնային բառերի և գռեհիկ արտահայտությունների սահմանափակումներ պատրաստվո՞ւմ են անել, քանի որ հատկապես երեխաները սովորում ու կրկնում են, ՀՌՀ նախագահը պատասխանեց. «Դա իսկապես շատ վատ է և առաջին հերթին հենց ծնողները չպիտի թողնեն, որ երեխաները նման հաղորդումներ նայեն: Ամեն ինչ չէ, որ պետք է թողնել հեռուստաընկերությունների հայեցողությանը և հետո բողոքել հեռուստաընկերություններից: Եթե ծնողները թույլ են տալիս երեխաներին նայել այնպիսի հաղորդումներ, որոնք իրենց համար չեն, նույն կերպ կարող են թույլ տալ, որպեսզի գնան դեղամիջոցներ, ալկոհոլ ընդունեն: Խնդիրը նրանում չի, որ նման բովանդակությամբ հաղորդումներ են ցուցադրվում, որովհետև նույնիսկ այդպես, նրանք ապահովում են իրենց բազմազանությունը: Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ լեզվի պահպանմանը, ապա գիտեք, այդ չափորոշիչները շատ հեղհեղուկ են: Սովետական դպրոցի հաղորդավարների, օրինակ` ռադիոհաղորդավարուհի Վերա Հակոբյանի համար լեզվի պահպանումը բարձրագույն ստանդարտերով էր, իսկ ինձ համար, այսօրվա սերնդի համար՝ այլ է: Ես չեմ ասում, թե դա լուծման խնդիր չունի, պարզապես դա հավերժ խնդիր է բոլոր երկրներում: Մենք պետք է փորձենք և՛ օրենսդրությամբ, և՛ հասարակության մակարդակը բարձրացնելով, հեռուստատեսություններին ինչ-որ կերպ շահագրգռելով լուծել այդ խնդիրը: Կարելի մտածել և ամեն տարի` տարվա լավագույն հաղորդում որոշել, որտեղ կկիրառվի մաքրամաքուր հայերեն: Հիմա դեֆորմացվել է ամեն ինչ, առաջվա պես մաքուր տեքստ չեն տալիս հաղորդավարների ձեռքը, և մենք նոր լուծումներ պիտի գտնենք»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե եթերով կա հումորային հաղորդաշար, որի առանցքում Լիլի Մորտոյի սեռական բարեմասնություններն են, ՀՌՀ-ն այստեղ անելիք չունի՞, Տիգրան Հակոբյանն ասաց. «Ոչ, չունի, և դա ամրագրված է Սահմանադրությամբ և օրենքերով: Մենք իրավունք չունենք միջամտել խոսքի ազատությանը: Այս հարցը շատ բազմաբովանդակ է, դա ոչ միայն կախված է մեզանից, այլ հասարակության մակարդակից: Հեռուստատեսությունները ճաշակի վրա այդքան ազդեցություն չեն ունենում, ինչպես որ մենք ենք պատկերացնում: Նույնիսկ առաջատար երկրների կոմերցիոն հեռուստատեսությունները, եթե նայեք, ապա կտեսնեք, որ շատ ավելի ցածր մակարդակի հաղորդումներ կան»,-նշեց Տիգրան Հակոբյանը:
Ամփոփելով իր խոսքը, ՀՌՀ նախագահը նշեց, որ եթե կա եթերում ինչ-որ բաներ փոխելու կարիք, ապա պետք է օրենքով սահմանված կարգով կարգավորումներ տալ: