ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե «Հյուսիս-Հարավ»-ում արձանագրված չարաշահումների գործի քննությունը դանդաղում է:

Հարությունանը նշեց, որ քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ. «Քրեական գործի ծավալներն աննախադեպ են, քանզի քննության առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացումը, որի իրականացմանն անմիջական մասնակցություն են ունեցել 50-ից ավել կազմակերպություններ»,-նշեց նա:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում քրեական գործի ընթացքը՝ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետը նշեց, որ խոսք անգամ չի կարող գնալ քրգործի ընթացքի դանդաղելու մասին, պարզապես գործը բազմադրվագ է և մեծածավալ, ուստի լիարժեք քննություն ապահովելու համար ժամանակ է պահանջում․ «Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որակական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակարպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք՝ դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է քննչական կոմիտե և սեպտեմբերի 6-ին այն  ընդունվել ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ:

Նշենք, որ ծրագրի անարդյունավետ կառավարումը թաքցնելու նպատակով որոշ պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով խախտվել են նախատեսված ժամկետները, և շուրջ 9-ը տարի չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակները՝ Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, որի արդյունքում պետությանը պատճառվել է 23 553 817 000 դրամի վնաս:

Սոնա Հարությունյան