ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ապրիլի 24-ին մասնակցել է «Մուլտիլատերալիզմի եւ խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին։
ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարեւորությունը, շեշտել է, որ «այսօր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում եւ հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Նշելով, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է քսաներորդ դարի մարդկության պատմության ամենադաժան էջերից մեկը, երբ 104 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության հանցագործությանը, Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է նաեւ՝ թե ինչ աստիճանի մարդկությունը կարող է արժեզրկվել բազմակողմ կայուն հաստատությունների բացակայության եւ միջազգային ճգնաժամի պայմաններում։
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ «Հայաստանը հատուկ պատասխանատվություն ունի առաջ մղելու մարդու իրավունքների օրակարգը՝ հատկապես մարդկության դեմ հանցագործությունները եւ զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու գործում»։ Նա շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է ջանքեր գործադրել՝ աջակցելու միջազգային կառույցների ամրապնդմանը՝ աշխարհում ատելությունը եւ ծայրահեղականությունը կանխարգելելու եւ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ։