Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման հարցը անցած տարիներին ներդրված տուգանքային սանկցիաների ավելացումն չլուծեց, հակառակը այն բերեց հասարակական լուրջ դժգոհությունների։

Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ եթե 2016 թ-ին ՃՏՊ-ի հետևանքով արձանագրվել էր 267 մահ և 4451  վիրավոր, 2018 թ-ին արդեն ունեինք 343 մահ և  5350 վիրավոր։ 

«Մեզ համար խիստ մտահոգիչ էր զոհերի և վիրավորների թվի ավելացումը։ Սա նշանակում է, որ խստացումների ճանապարհով այս խնդիրը լուծել հնարավոր չի, վերջին տարիներին մենք գնացել ենք այդ խստացումների ճանապարհով, բայց թվերը չեն փոխվում։ Մենք լիահույս ենք, որ եթե անցնենք բալային համակարգի ներդմանը, ապա կունենանք բավական տպավորիչ նվազեցում։ քանի որ սա վերահսկողության բացառիկ հնարավորություն է տալիս, նախ քաղաքացու համար կանխատեսելիության հնարավորություն է լինում, քաղաքացին հասկանում է, թե ինչ է լինելու, եթե խախտումները շարունակվեն, և երկրորդ՝ այդ մարդիկ ուղղակի հեռացվում են երթևեկությունից»,-ասաց նա։ ։

Քոչարյանի տեղեկացմամբ՝ այսօր եթե վարորդն ունի 500 հազար դրամի  տուգանք և չի կարողանում վճարել, ապա կարող է զրկվել վարորդական իրավունքից։ Սակայն նա կարող է 1000 դրամ վճարել և 499 հազար դրամ դարձնել տուգանքների պարտքը, արդյունքում վարորդական իրավունքից չզրկվել, հետո գումարը նորից իջեցնել և այլն։ «Արդյո՞ք սա իրավախախտումների կանխարգելման լավագույն ձևն է։ Մենք կարծում ենք, որ պետք է գնալ նոր մոտեցումների։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և բոլոր այն դեպքերում, որտեղ մահերը շատ են եղել՝ անցել են տուգանային համակարգի»,-ասաց նա։ 

Քոչարյանը տեղեկացրեց,որ մեկ տարվա ընթացքում վարորդն ունի վթարների 9 բալ, յուրաքանչյուր վթարի դեպքում բալերը նվազելու են։ Եթե բալերը 0-ացվեցին՝ նրա վարորդական իրավունքը կկասեցվի 6 ամսով։