«168 ժամ» թերթը գրում է.
«Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները: Բացի այն, որ լրավամիջոցների հետ աշխատանքը սկսեցին անհիմն դարձնել գրավոր հարց ու պատասխանի ռիժիմով, հիմա էլ փակ աշխատաոճը տարածվում է նաեւ նախարարությունների պաշտոնական կայքերի վրա: Ոչ վաղ անցյալում որոշ պաշտոնյաներ ակտիվ PR էին իրականացնում պետական ծառայողական մեքենաների կրճատումների թեմայով, ընդ որում՝ այս փորձն արվեց նաեւ նախկին իշխանությունների՝ Կարեն Կարապետյանի օրոք:
Քննարկման այլ հարց է, թե ինչու էին մինչ այդ նախարարությունների հաշվեկշռին պահվում անպիտան, ժեշտի կտորների վերածված անթիվ-անհամար ավտոմեքենաներ, որոնց համար տասնյակ տարիներ ոչ միայն պահպանման ծախս է դուրս գրվել, այլ նաեւ բենզինի կտրոններ: Փորձեցինք հետհեղափոխական Հայաստանի ծառայողական մեքենաների քանակն ու ծախսը հաշվել ու ստուգայց անել՝ հենց նախարարությունների հաշվեկշռից ելնելով. Պարզվեց՝ նախարարություններն իրենց մոտ փակել են այդ էջը:
Նկատենք, առաջինը թափանցիկ լինելը մերժում են ծառայողական մեքենաների կրճատումների ֆոնին ինքնադրսեւորված Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ՀՀ Օրենսդիր եւ գործադիր մարմինների պաշտոնական կայքէջերում բացակայում է ծառայողական մեքենաների քանակի մասին տեղեկատվությունը: Բնապահպանության նախարարությունն էլ է որոշել հետեւել կառավարության աշխատակազմի օրինակին:
Նշենք, որ մինչ հեղափոխությունը նախարարությունների կայքերում բաց եւ հրապարակային էր այս տեղեկատվությունը: Նոր Հայաստանի դեռեւս առաջին ամիսներին Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի, հրապարակել էր նախարարության ծառայողական մեքենաների քանակը՝ դրանք 21-ն էին։ Ավելին, Տոնոյանի՝ Պաշտպանության նախարարություն տեղափոխվելուց հետո, երբ ԲՀԿ-ի քվոտայով 2017 թ. հունիսին ԱԻ նախարար նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, իր բրիֆինգներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ԱԻՆ-ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով։
Մինչդեռ Նոր Հայաստանում այս նախարարություն եկած երրորդ ղեկավարը՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, կտրականապես մերժեց այդ մասին տեղեկատվության տարածումը եւ փակել է ծառայողական մեքենաների մասին նախարարության պաշտոնական կայքէջի այս հատվածը։ Եվ Ցոլակյանի փակ, ոչ հրապարակային «ձիրքին» հաջողությամբ հետեւում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Այս նախարարությունը չի հրապարակում ոչ միայն ծառայողական ավտոմեքենաների քանակը, այլ նաեւ Հայաստանի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները (վերջին անգամ հրապարակվել է 2015 թ.), Հայաստանի համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկությունը (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), չի հրապարակում նաեւ համայնքային ծառայության ոլորտում ծառայողական քննությունների մասին տեղեկություններ (վերջին անգամ հրապարակվել է 2016 թ.), եւ այլն։
Ստացվում է՝ սուպերվարչապետական համակարգը գնալով դառնում է նաեւ սուպերփակ համակարգ, տեղեկություններ չհրապարակող համակարգ։ Վկան՝ պետական կառավարչական մարմինների պաշտոնական կայքերն ու լրագրողների հետ ընտրողաբար շփումները: Մինչդեռ կառավարության գրեթե բոլոր նիստերին լսում ենք վարչապետի հանձնարարականները՝ ուղղված «բաց ու թափանցիկ» աշխատող նախարարներին, ՏԻՄ-երին, եւ խոստումներ, որ շատ հարցեր պետք լուծել տեղական հանրաքվեների միջոցով՝ Հայաստանի քաղաքացիների կարծիքն անպայման նկատի առնելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում