2014 թվականի հունիսի 1-ին տեղի է ունեցել դանակահարություն: Դանակահարության օրվանից տուժողի տան անդամները, այսինքն՝ փոքր եղբայրը, մայրը, հայրը ցուցմունքներ են տվել Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ կատարված դանակահարության մեջ մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:
«Այդ ցուցմունքները հիմք են հանդիսացել, որ Սեդրակ Օսիպյանի հանդեպ հետախուզում հայտարարվի: Նա 9 ամիս թե 1 տարի հետո չի ներկայացել քննչական մարմիններին: 1 տարի թաքնվելուց հետո եկել է և ներկայացել է: Գործը մեկ տարի քննելուց հետո ես տարբեր քննչական կոմիտեներում ցուցմունքներ եմ տվել, վերջում այսպիսի որոշում է կայացվել, որ անհայտ անձի կողմից մարմնական վնասվածք է հասցվել տուժողին, և այդ որոշումը կարճվել է»,-ասաց Հովհաննիսյանը:
Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ ինքն այդ ընթացքում մեկնել է ՌԴ և տեղյակ չի եղել, թե գործն ինչ ընթացք է ստացել.
«2018 թվականի հոկտեմբերի 22-ին Էրեբունու ոստիկանության երկու աշխատակից մեր դուռը ծեծում են, մտնում են ներս և ինձ ասում, որ պետք է ներկայանամ քննչական մարմին, որպեսզի ցուցմունքներ տամ, քանի որ գործը վերաբացվել է: Ես ասում եմ՝ ի՞նչ գործ, ասում են՝ դանակահարության գործով: Նշում են, որ նոր հանգամանքներ են երևան եկել, և ես պետք է 17 րոպեում Նուբարաշենից գնամ ցուցմունք տամ: Ես չստորագրեցի թուղթը, որովհետև 17 րոպեում ոչ մի կերպ չէի կարող Նուբարաշենից Կոմիտաս հասնել: Ասացի, որ մի քանի մարդու պետք է հանդիպեմ, որից հետո կներկայանամ: Ուզում էին թղթի տակ ստորագրել տալ, թե ես չեմ ուզում ներկայանալ և այլն, և այլն, բայց ես ասացի, որ ոչ մի բան չեմ ստորագրի, օրվա ընթացքում կներկայանամ: Նոր երևան եկած հանգամանքները հետևյալն են, որ երեք ամենակարևոր վկաները, որոնք դեպքի վայրում են եղել և սկզբից մինչև վերջ ներկայացրել են՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել, նրանց տված ցուցմունքները բավարար չեն և նոր երևան եկած հանգամանքներից ելնելով, գործը վերաբացվում է և կատարվում է իբրև թե օբյեկտիվ քննություն: Սակայն գործի օբյեկտիվությունը արդեն դանակահարության հաջորդ իսկ օրվանից խախտվել է, որովհետև Վալերի Օսիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերին հանդիպել և հորդորել է, թե ինչ ցուցմունքներ տան»:
Ըստ Հովհաննիսյանի՝ այս ամենն ուղղորդվում է Վալերի Օսիպյանի կողմից.
«Եթե դուք նրան հարցնեք, նա կասի՝ նման բան չկա և այլն, և այլն: Նա կասի՝ «ես գործի նախաքննությանն ընդհանրապես չեմ խառնվել», այնինչ ես դատարանում կապացուցեմ դիկտաֆոնի ձայնագրությամբ, որ նա լավ էլ խառնվում է նախաքննությանը»,-հայտարարեց Սամվել Հովհաննիսյանը: