Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում: Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ զբոսաշրջիկին Նոյեմբերյանում նկատել է տուր օպերատորներից մեկի գիդը: «Մենք հայտարարություն էինք տարածել «Ֆեյսբուք»-ով զբոսաշրջիկի կորելու մասին, որտեղ հեռախոսահամար էինք գրել, որին էլ զանգել էր գիդը: Մենք շատ շնորհակալ ենք հայերին՝ ցուցաբերած ուշադրության համար»,-տեղեկացրին դեսպանությունից:

Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում։