Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ այս տարվա հուլիսի մեկից բարձրանալու են զինվորականների աշխատավարձերը: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ զինվորական շարքային-պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավարձը՝ շուրջ 30 տոկոսով։
«Կբարձրանա նաեւ ժամկետային զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը»,-ասաց նա։
Վարչապետը նկատեց, որ պահուստային ֆոնդից 5.7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, ընդ որում մարզերում բնակվող բոլոր շահառուների նկատմամբ պետության ունեցած բնակարանային պարտավորությունները լրիվ կկատարվեն։ Այդ պարտավորությունները մասամբ կկատարվեն նաև Երևանում բնակվող շահառուների համար:
«Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը։ Նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ։ Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվեն եւս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին, սահմանի երկայնքով տեղադրվել են 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարքեր։
«Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի եւ մարտական դիրքերի սննդակարգը։ Լավաշ, արեւածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ եւ վարունգ։ Առաջիկայում կտրվի նաեւ մեղր, ճարպ, սխտոր, սեւ պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն եւ այլն: Ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ եւ մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը սկսել է СУ30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: «Սա հրապարակում եմ, որովհետեւ հայտնի փաստ է արդեն: Այլ սպառազինությունների եւ տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկատվություն չեմ կարող հրապարակել»,- ասաց նա:
Զինծառայողների ապահովագրության՝ «1000 դրամների» հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին։ Արդյունքում ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում: Վարչապետը հիշեցրեց, որ հեղափոխությունից առաջ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2016թ. դեկտեմբերի 30-ից հետո տեղի ունեցած դեպքերը: