Իշխանությունն իր օրակարգը պետք է արագ կարգի հրավիրի, և Արցախի հարցով հստակ դիվանագիտական լուծումներ առաջարկի: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի վերաբերյալ իշխանության մոտեցումներին:

«Պետք է հարցը լուծենք, լղոզվածությունից պետք է դուրս գանք ավելի հստակ մոտեցումներով»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ներկայիս իշխանությունը նախորդներից թե ներքին, թե դիվանագիտական բարդ ժառանգություն է ստացել. «Նախորդ իշխանության ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են այդ ոչ դրական ժառանգությունը թողնելու համար, ժամանակից շուտ են քննադատում, և ես դրան համաձայն չեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդները դիվանագիտական սխալ քայլեր են արել եւ դեռ վաղ է դատավորի կեցվածքի համար։

Ըստ Հովհաննիսյանի՝ Արցախը Հայաստանին միավորելը ապագայի խնդիր է: Իսկ կարծիքին, թե իշխանությունները տեսլական չունեն Արցախի հարցով, և լուծումը թողնում են ժողովրդի վրա,  արձագանքեց, որ ժողովուրդը ի սկզբանե ձևակերպել է ազգային իրավական, դիվանագիտական, ռազմական հանգուցալուծումը. «Մնում է, որ պետությունը հասնի ժողովրդի հետևից, և իհարկե, ուշանում է»,- եզրափակեց ՐաֆֆիՀովհաննիսյանը: