Արմավիրում, այսօր՝ ժամը 14։00-ին, մեկնարկել է ուղևորափոխադրող կազմակերպությունների գործադուլը: Պատճառը գազի վաճառքի չափման միավորի փոփոխությունն է: Այս մասին այսօր հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմած գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով: Բողոքի ցույցին մասնակցում են տաքսիները և ուղևորափոխադրող ընկերությունները:

«Երկու ամիս է՝ քննարկումներ են գնում, թե գազի գինը չի թանկանալու։ Գազի գնի շուրջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ չենք կարողանում հասկանալ՝ խնդիրը ժամանակավո՞ր է, թե՞ ոչ: Եթե վարորդի գրպանին են կպնում, նա չի կարող նույն գնով ուղևոր տեղափոխել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ կա՛մ վարորդներն են ստում, կա՛մ կառավարությունը մաթեմատիկայի հետ խնդիրներ ունի և փորձում է խաբել՝ սուսուփուս բարձրացնելով գազի գինը, կա՛մ էլ լիցքավորողներն ինչ-որ բան այնպես չեն հասկացել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե առաջ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով և հնարավոր էր լինում վարել 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով մեքենան կարողանում է վարել 140-150 կիլոմետր․ «Ճնշումն են քչացրել, ինչը նշանակում է, որ նախատեսվածից քիչ կարող ես քշել»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ 2 օր առաջ ցույց էր Վանաձորում, այսօր արդեն՝ Արմավիրում․ «Նման միջոցառումները շարունակական են լինելու, ընդգրկվելու են բոլոր մարզերը: Ուզում ենք հասկանալ՝ սա խորամանկությո՞ւն էր, թե՞ գազալցակայաններն են գները բարձրացնում: Սա մեծ խնդիր է: Մարդիկ նույն գինն են կիլոգրամով գազի համար վճարում, բայց քիչ են քշում»,- հավելեց Տիգրան Հովհաննիսյանը: