Վարչապետ Փաշինյանի եւ ԱԳՆ–ի տարածած հայտարարությունները միմյանց լրացնում են, սակայն դերաբաշխումը սխալ է՝ վարչապետի հայտարարությունն անատամ էր, իսկ ԱԳՆ–ի հայտարարությունը՝ բովանդակային։ Այս մասին NEWS.am ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, ԱԳՆ հայտարարության մեջ խոսվում է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման մասին՝ որպես արցախյան հակամարտության կարգավորման կարեւորագույն սկզբնաղբյուրներից մեկը, խոսվում է նաեւ Վիեննայի, Սանկտ–Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման մասին, իսկ վարչապետի հայտարությունն անատամ էր եւ հիշեցնում էր PR ակցիա։

«Բարի եւ չար ոստիկանների դերաբաշխումը վարչապետի եւ ԱԳՆ–ի միջեւ սխալ էր. որպես կանոն, երկրների ղեկավարները լինում են ավելի կոշտ, իսկ ԱԳՆ–երը փորձում են կապիտալիզացնել այդ կոշտությունը, մեզ մոտ հակառակն՝ ԱԳՆ հայտարությունը ավելի կոշտ էր, իսկ վարչապետի հայտարարությունը՝ խուսափողական»,– ասաց Արմեն Աշոտյանը, հավելելով, որ վարչապետը չպետք է լինի բարի ոստիկան, իսկ ԱԳՆ–ն՝ չար. ԱԳՆ–ն՝ իր հայտարարությամբ, ավելի վերին շեմ սահմանեց։

«Այսօր վարչապետն ավելի բարի հայտարարություն արեց Արցախի հարցով, իսկ ԱԳՆ–ն՝ չար. Այնինչ պետք է հակառակը լիներ։ Վարչապետը պետք է լինի «զլոյ», իսկ ԱԳՆ–ն՝ «դոբրի»,– ասաց ՀՀԿ փոխնախագահը։